Լրահոս Հասարակություն 

«ԴիջիԹեք 2021»-ին CodeSignal ընկերությունն առաջարկում է մրցույթ, որտեղ կարելի է շահել նվեր և անցնել աշխատանքի

analitik.am

2015 թվականին հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը ներկայացված կլինի տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանը՝ հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի օրերին ընկերությունն այցելուներին և իրադարձությանը հեռահար հետևող անձանց առաջարկում է երկու աչքի ընկնող մրցույթ։ Դրանցից առաջինն առաջարկում է ցուցահանդեսի անցկացման օրերի ընթացքում հեռահար կերպով մուտք գործել ընկերության հարթակ` yerevan.codesignal.com հղումով և լուծել ծրագրավորման որոշակի առաջադրանքներ։ Հաղթողը հնարավորություն կունենա շահել նոր iPad կամ Apple Watch։ Բացի այդ, նա հրավեր կստանա CodeSignal-ի համահիմնադրից, միանգամից անցնելով աշխատանքի ընդունման միջանկյալ փուլերը, մասնակցելու վերջինիս հետ աշխատանքային հարցազրույցի։

Երկրորդ մրցույթը տեղի է ունենալու ընկերության դիջիթեքյան տաղավարում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է փորձել իր ուժերը արագ տպագրման արվեստում /type racing/։ Հաղթողը կստանա անակնկալ նվեր։

CodeSignal ընկերությունը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Robinhood և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Հայաստանից։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։

Նույն շարքից