Քաղաքականություն 

2015-2019թվականներին Թուրքիայում ձերբակալվել է 1․118, կալանավորվել՝ 281 լրագրող

analitik.am

Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը ուսումնասիրել է 2015-2019թթ․ ընթացքում Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության ոտնահարման դեպքերը։ Արդյունքները հրապարակվել են «Լռեցնելով քննադատությունը» խորագրով զեկույցում։

Ermenihaber-ը գրում է, որ ըստ այդմ՝ հինգ տարում Թուրքիայում խոսքի ազատության 2․779 խախտում է արձանագրվել։ Այդ խախտումների արդյունքում 6․479 մարդ ձերբակալվել, 2․801 մարդ կալանավորվել է։ Հարուցված 1․372 դատական գործերի շրջանակներում 727 մարդ դատապարտվել է ազատազրկման։ Ուշագրավ է, որ ամենից մեծ թվով իրավունքների խախտումներ են գրանցվել Ստամբուլ, Դիարբեքիր և Անկարա նահանգներում։

Քաղաքացիների իրավունքների ոտնահարմամբ հարուցված քրգործերով ամենից հաճախ կասկածյալներին առաջադրվել է «զինված կազմավորման պրոպագանդա կատարելու», «երկրի նախագահին վիրավորելու», «սահմանադրական կարգը տապալելու փորձի» և «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանք։ Ուշագրավ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախագահ դառնալուց հետո «նախագահին վիրավորելու» մեղադրանքով սկսված հետաքննությունների թիվն աճել է 47 անգամ, իսկ հարուցված դատական գործերի թիվը՝ 40 անգամ։

Ըստ զեկույցի՝ 2015-2019թթ․ Թուրքիայում փակվել է 184 անուն թերթ կամ լրատվամիջոց։ Դրանցից 170-ի դեպքում որևէ դատարանի որոշում առկա չի եղել։  Դրանք փակվել են «Օրենքի ուժ ունեցող որոշումների» հիման վրա, իսկ այդ լրատվամիջոցների ունեցվածքը պետության կողմից բռնագրավվել է։ Նշված հինգ տարիների ընթացքում ձերբակալվել է 1․118, կալանավորվել՝ 281 լրագրող։

Նույն շարքից