Բարի օր Քաղաքականություն 

21 դատախազների աշխատավարձի համար միայն տարեկան անհրաժեշտ է լինելու 144 000 000 ՀՀ դրամ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունը նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել, որով սահմանվել է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը և, դրանից բխող առանձնահատկություններով պայմանավորված, հավելավճարների չափերը։ Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին աշխատավարձի 95 տոկոսի չափով հավելավճար տալ, իսկ դատախազի տեղակալին՝ 100 տոկոսի չափով։

Դատախազի մյուս տեղակալներին էլ առաջարկվում է աշխատավարձի 120 տոկոսի չափով հավելավճար տալ։ Խոսքն այս պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգողի մասին է։ Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության թվով 21 դատախազների համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով բյուջեից անհրաժեշտ է լինելու շուրջ 144 000 000 ՀՀ դրամ։

Փաստացի շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող գլխավոր դատախազի, շուրջ 700 հազար դրամ ստացող գլխավոր դատախազի տեղակալի եկամուտները, նախագիծը կյանքի կոչելու դեպքում, կրկնապատկվում են, որոշ պաշտոնյաների դեպքում էլ կրկնակիից ավելին են դառնում: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե նախագծի տրամաբանությունը հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման ռազմավարության իրագործման շրջանակում է: Պարզվում է՝ հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծման ճանապարհին կառավարությունում պարզել են, որ հակակոռուպցիոն դատարանում և նշված կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազությունում։ Ըստ Անդրեասյանի, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ ստանան, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ։

Ասում են՝ այս առաջարկը հենց նշված անհավասարությունը հարթելու համար են արել: Իհարկե, մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու առհասարակ հակակոռուպցիոն հերթական կառույցների ստեղծման նպատակահարմարությանը: Ոլորտի փորձագետներն արդեն նախանշել են դրանց գործունեության ընթացքը՝ հաշվի առնելով այս իշխանության տխրահռչակ փորձը նաև կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Նշված կառույցների գործունեությանը հետագայում միգուցե անդրադառնալու առիթներ էլի կլինեն, բայց խնդիրն այլ է: Թե՛ այս, թե՛ նախկինում ընդունված շատ նախագծեր չեն դիմանում որևէ քննադատության ու չեն էլ դիմանա, քանի դեռ նման նախագծերի ֆոնին Հայաստանում շարունակում է խորանալ սոցիալական անհավասարությունը, շարունակում են նվազել քաղաքացիների եկամուտները, շարունակում է խորանալ աղքատությունը, գործազուրկների թիվն է ավելանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույն շարքից