Լրահոս Միջազգային 

Հաշված ժամերի ընթացքում «Շուշին Ադրբեջան է» գովազդը հանվեց․ Հունաստանում ՀՀ դեսպան

analitik.am

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնված ադրբեջանական գովազդը՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, հանվել է Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, Հունահայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Մենք կապ հաստատեցինք և աշխատեցինք Սալոնիկի քաղաքային իշխանությունների, նաև գործադիր իշխանության հետ, բացատրեցինք, որ անհապաղ այդ գովազդները հեռացվեն, քանի որ քաղաքական բնույթ ունեն, սադրիչ են: Հաշված ժամերի ընթացքում հունական իշխանություններն արձանագրեցին, և գովազդը հեռացվեց ավտոբուսի վրայից»,- ասել է դեսպանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ գործողություններ կարելի է սպասել ոչ միայն Հունաստանում, որտեղ ադրբեջանական փոքր համայնք կա, այլև այլ երկրներում ևս:

«Ադրբեջանն ուղղակի փորձում է նման սադրիչ քայլերով որպես իրականություն ներկայացնել ու հավերժացնել ուժի կիրառման հետևանքով արձանագրված արդյունքները, մինչդեռ մենք հստակ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում: Դրա մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներն էլ խոսել են: Ստացվում է՝ Ադրբեջանը նման մեթոդներով փորձում է մեկընդմիշտ «ֆիքսել», թե իբր Շուշին ադրբեջանական է, և չի կարող վերանայվել Շուշիի վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղի կազմում:

Բայց Լեռնային Ղարաբաղն ունի իր հստակ ադմինիստրատիվ սահմանները, և Շուշին, ինչպես նաև Հադրութը, միանշանակ, այդ սահմանների մեջ են: Շուշին և Հադրութն այս պահին օկուպացված են: Նման քայլերով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե այդ հարցը փակված է: Ադրբեջանը գնում է ընդդեմ բանակցային գործընթացի տրամաբանության: Այս քայլը ես դիտարկում եմ որպես սադրանք՝ հատկապես այնպիսի բարեկամական երկրում, ինչպիսին Հունաստանն է, որի իշխանությունները մեկ անգամ չէ, որ համերաշխություն են հայտել՝ համահունչ ՀՀ դիրքորոշումներին: Նման սադրիչ քայլով փորձում են ինչ-որ լարվածություն մտցնել հայ-հունական հարաբերություններում, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- եզրափակել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նույն շարքից