Քաղաքականություն 

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրները վերաբերում են միայն ՀՀ տարածքին

analitik.am

Քաղաքականության մեջ էական է, թե ինչ է ֆիքսվում փաստաթղթերում, ոչ թե՝ ինչ է ասվում հետո մամուլի համար։ Եռակողմ հանդիպման փաստաթղթային արտացոլանքը ցույց է տալիս, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը նոր հարթակ դնելու կամ նոր շրջանակներում քննարկելու հանգուցալուծում չկա, Ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, որպես այդպիսին, ֆիքսված չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած հանդիպմանն ու ընդունված հայտարարությանը։

Դրանով, ըստ Մարտիրոսյանի, արձանագրվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրները վերաբերում են միայն ՀՀ տարածքին։

«Ղարաբաղյան հիմնախնդիրը շրջանցվեց, ասես ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Ղարաբաղյան հակամարտության խնդիր գոյություն չունի․ այդ առումով գնում ենք համր խոսակցության, իսկ առաջնային խնդիրը դառնում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցը, ինչը ևս փորձում են հարթել դելիմիտացիա և դեմարկացիա հասկացությունների միջոցով»,-ասաց քաղաքագետը՝ մտահոգություն հայտնելով, որ հակամարտությունն այլևս վերածվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տարածքային խնդիրների և վեճերի։

«ՀՀ-ն ստորագրել է երկու հայտարարությունների տակ, որոնցում մենք չենք ֆիքսում մեր պահանջատիրության գոնե ակնկալիքները՝ Արցախի հիմնախնդիրը դրանցում որևէ կերպ չարձանագրելով։ Փաստացի, Արցախյան հիմնախնդրի՝ մեր պահանջատիրական որոշակի պատկերացումները նաև հետագա դիվանագիտական աշխատանքների ծավալման առումով ֆիքսված չեն, ինչը խոսում է մեր դիրքերի թուլացման մասին»,-ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, թե Բրյուսելում նախատեսված հանդիպմանն էլ այդ երկու հայտարարությունները ելակետային կլինեն՝ դուրս մղելով այլ կարևոր հարցեր։

«Որքան էլ Բրյուսելում նախատեսված հանդիպումը մեզ չի կարող որևէ մեծ ակնկալիք տալ, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ում կայացած երկու հանդիպումների և հայտարարությունների տրամաբանությունը լինելու է դիվանագիտական հետագա գործունեության ելակետը։ Դրա հետևանքով դժվար է լինելու զարգացնել երկու կարևոր հարցերը՝ ռազմագերիների վերադարձ, Արցախի խնդրի՝ հայկական շահի արտացոլում։ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և տարածքային վեճերի հարցը դրանք թողնելու է երկրորդ պլանում՝ մնալով միայն Ադրբեջան-ՀՀ դեմարկացիոն և դելիմիտացիոն տրամաբանության մեջ»,-ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ այս նույն ընթացքում Ադրբեջանը, օկուպացված պահելով ՀՀ սուվերեն տարածքի հատվածներ, շարունակում է առանց համաձայնեցման դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, որը բխում է բացառապես իր շահերից։

Մարտիրոսյանը վստահ է՝ Արցախյան հիմնախնդրի և ՀՀ-Ադրբեջան դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերն իրարից չի կարելի տարանջատել, հնարավոր չէ մեկ քաղաքական խնդիրը բացարձակապես անջատված կերպով քննարկել։

«Դրանք անմիջականորեն փոխկապակցված, մեկը մյուսի հետևանքով առաջացած խնդիրներ են, չպետք է մեկը մյուսին ստորադասել։ Որոշակի քաղաքական միջազգային բևեռներ պնդում են, որ Արցախյան հիմնախնդիրն առկա է, և պետք է շարունակել քննարկումները, իսկ փաշինյանական քաղաքական օրակարգը միջազգային հարթակում մնում է բացառապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հիմնախնդիրը, դեմարկացիայի և դելիմիտացիայի անցկացումը, որով նա փորձում է իրեն քիչ թե շատ քաղաքական գործոն ներկայացնել»,-նշեց քաղաքագետը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այսօր ապրում ենք այնպիսի ՀՀ-ում, որի քաղաքական և ազգային շահերը փաստացի ներկայացնող իշխանությունը չունի ո՛չ ցանկություն, ո՛չ հնարավորություն՝ դրանք  խորացնելու և իրականում աշխատեցնելու ի բարօրություն ՀՀ քաղաքացու և ժողովրդի, դրան զուգահեռ՝ փոփոխվող տարածաշրջանի ազդեցություններ ու նոր մարտահրավերներ։

«Ցավոք, ՀՀ-ում ձևավորված իշխանությունը այժմ եղած մարտահրավերների ընկալման և դրանց նկատմամբ դիմադրողականություն ունենալու առումով բացարձակապես ո՛չ մտավոր, ո՛չ քաղաքական, ո՛չ ինտելեկտուալ որևէ ունակություն չունի։ Գործող քաղաքական էլիտան է դարձել համար առաջին մարտահրավերն այսօրվա ՀՀ-ի համար՝ իր ընկալումների, քաղաքական գերակայությունների և արժեքաբանությունների առումով»,-ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։

Նույն շարքից