Գլխավոր Հասարակություն 

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

analitik.am

Ի գիտություն բնակարանային հաշվառման ընդգրկված երկարամյա ծառայության զինթոշակառուների`

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով շարունակվում է բնակարան կամ բնակելի տուն գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը:

ՀՀ մարզերում բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ևս մեկ անգամ առաջարկվում է ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- զորացրման հրամանի լուսապատճենը,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),
- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
- տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
- տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռքբերման և (կամ) օտարման վերաբերյալ,
- աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
Խնդրում ենք պարտադիր կրել պաշտպանիչ դիմակ:

Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով՝ ք. Երևան, Բաբայան փող. 4 հասցեով:

Նույն շարքից