Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Հայաստանի համար որևէ դրական ակնկալիք չունեմ․ Գագիկ Հարությունյան

analitik.am

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանի շուրջ, ցավոք, դրական զարգացումներ չեն խոստանում Հայաստանի համար։

«Այսօր ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում գնում է սարսափելի տուրբուլիզացիա, անկարգություններ են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական։ Ցավոք, այս նոր հիբրիդային պատերազմները նաև ունեն հակաքաղաքակրթական իմաստ։ Այդ հակաքաղաքակրթական գործընթացում շատ կարևոր դերակատարում ունի Թուրքիան, որը երբևիցե քաղաքակրթական միավոր չի եղել, միայն զբաղված է եղել ցեղասպանություններ կազմակերպելով, և երբևիցե որևէ մի պատիժ, Նյուրբերգյան գործընթաց, դատավարություն չի կայացել։

Ժամանակին Բրիտանիայի թագուհին ուներ, այսպես ասած, իր ծովահենները, որոնք հարձակվում էին տարբեր խաղաղ նավերի վրա, կողոպտում նրանց, հիմա գրեթե նմանատիպ կարգավիճակ է տրվել Թուրքիային՝ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կողմից, որոնք կարողանում են, այսպես ասած, ամեն տեղ հակաքաղաքակրթական պայքար մղել»,-168.am ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա, այս եռյակն առաջինը դուրս եկավ հարավային Կովկասի դեմ՝ ուղիղ Հայաստանի դեմ, նրանք հավակնություններ ունեն նաև Ռուսաստանի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակում համաշխարհային եռյակը՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, փորձում են ինչ-որ ձևով պայքարել, և ըստ կանխատեսումների՝ այդ պայքարը կբերի նոր աշխարհակարգի ստեղծման, որտեղ անգլոսաքսերը կորցնելու են իրենց դոմինանտ կարգավիճակը։

«Այս ամբողջի համատեքստում Հայաստանի համար որևէ դրական ակնկալիք չունեմ, քանի որ այսօր Հայաստանում ստեղծված իշխանությունը ստեղծվել է հենց Թուրքիայի այդ քայլերն առաջ տանելու համար։ Հետևաբար՝ այս իշխանությանը քննադատել՝ նշանակում է ոչինչ չասել, որովհետև իրենք հետևողականորեն իրականացնում են իրենց այն քայլերը, որոնց համար ստեղծվել են։ Կարելի է ասել, նրանք շատ լավ կատարում են իրենց պարտականությունները։ Սա հազվագյուտ դավաճանության ձևաչափ է, և նրանք այդպես էլ աշխատում են»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ նրա, այսօր Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նույնպես շրջափակված վիճակում է՝ տարբեր ուժերի կողմից, և գուցե սա է պատճառը, որ ՌԴ-ն այն ծավալով չի իրականացնում Հայաստանին ուղղված իր աջակցությունը, որին սպասում է հայ հասարակությունը։

«Մենք միշտ պետք է հիշենք, որ Արցախի այն հատվածը, որը մնացել է 44-օրյա պատերազմից հետո, դա այն հատվածն է, որտեղ գտնվում են ռուս խաղաղապահները, և այդ պահին մեր միակ հույսը ՌԴ-ի այդ խաղաղապահներն են։ Ռուսները փափուկ են գործում ընթացող ռազմավարությունում, բայց շատ հստակ են, երբ գործը հասնում է ռազմական միջամտության»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Գագիկ Հարությունյանը նկատեց՝ բանակցությունները, պայմանավորվածությունները Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հատվածում մշտապես գնացել են այս ամբողջ ժամանակաշրջանում։

«Ամեն ինչ արդեն պայմանավորված է, և պայմանավորված է, որ Հայաստանն այսօր որևէ հավակնություն Արցախի նկատմամբ չարտահայտի, ինչը և մենք տեսնում ենք»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

 

Նույն շարքից