Կորոնավիրուս Հասարակություն 

«Պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ ու միակ միջոցը կորոնավիրուսի դեմ պայքարելու»․ Անահիտ Ավանեսյան

analitik.am

Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մեղմացում է նկատվում Հայաստանում։ Նա նշեց, որ պետք է ավելի զգոն լինել, քանի որ COVID-19-ի նոր շտամ է հայտնաբերվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ ու միակ միջոցը կորոնավիրուսի դեմ պայքարելու:

«Մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել՝ պատվաստումների գործընթացը արագացնելու ու բավարար շեմը անընդհատ բարձրացնելու: Արդեն առաջին դեղաչափ ստացել է 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 23,9 տոկոսը», – նշեց նա:

Նախարարի խոսքով՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 558 նոր դեպք, կատարվել է 9013 թեստավորում, մահացել է 21 քաղաքացի:

Նա նշեց, թե ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068 է, իսկ հոսպիտալացված 2349 քաղաքացուց 87-ն է, որ պատվաստված է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ:

Նախարարն էլ ասաց, որ ուսումնասիրությունները շարունակվում են, ամբողջական պատկեր ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնեն:

Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց, թե պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ:

«Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք», – նշեց վարչապետը:

Նույն շարքից