Քաղաքականություն 

Իշխանությունը կա՛մ նոր պատերազմ է բերելու, կա՛մ մեր ազգային անվտանգությանը չնպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ է իրականացնելու․ Անդրանիկ Թևանյան

analitik.am

Ակնհայտ է, որ մինչ իշխանություններն ասում են, թե ոչինչ չեն թաքցնում, պարզ են, թափանցիկ են, գաղտնի գործընթաց է տեղի ունենում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացին։

«Շատ դեպքերում ոչ ֆորմալ ձևով, մեր զինվորների արյան գնով է տեղի ունենում սահմանագծումն ու սահմանազատումը։ Մասնավորապես, նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դա էր հուշում։ Մեզանից բացարձակ գաղտնի են պահում, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, օրինակ, Սոչիում, ինչու է փոխվարչապետների մակարդակով բանակցությունը ձախողվել։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու։ Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել, և իրենք չեն թաքցնում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող են ստանալ նաև ուժով»,-ասաց Թևանյանը՝ հավելելով․

«Այս պայմաններում ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ մեր ազգային անվտանգությանը չնպաստող տարբերակով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ են իրականացնելու»։

Ըստ Թևանյանի՝ ՀՀ-ի դիրքերը այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով կրած պարտությունից հետո այնքան են թուլացել, որ ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» չի տրվում թշնամուն, որովհետև ՀՀ-ն է դրան խոչընդոտում, այլև, ընդհանրապես, ՀՀ գոյությունն է պահպանվում արտաքին գործոնների շնորհիվ։

Թևանյանն ընդգծեց, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով արձանագրվել է, որ իշխանությունների ձայները ավելի քան կիսով չափ նվազել են, ինչը, ըստ պատգամավորի, նշանակում է, որ մարդիկ հասկացել են՝ այս իշխանության առաջարկած օրակարգն սպառվել է։ «Իրենց խաբել են խաղաղության դարաշրջանի հարցով, կոռուպցիայի, թալանի հարցով, խաբել են հայ-ռուսական հարաբերությունների հարցով՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է, բայց հակառակն է»,-ասաց պատգամավորը։

Նույն շարքից