Տեսանյութեր Քաղաքականություն 

Քաղաքակիրթ հասարակությունում Սիմոնյանը հրաժարական կտար․ Աննա Գրիգորյան

analitik.am

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ օրակարգում ներառել էր ռազմագերների, անհետ կորածների և պահվող անձանց ճակատագրի ու վերջիններիս հայրենադարձման խնդրի մասին հարցը։ Սա մեր քաղաքական թիմի համար առաջնային հարցերից է, բայց տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնությունն անդադար պնդում է, որ այս քննարկումները պետք է լինեն փակ ձևաչափով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, թե դիմել է ԱԺ նախագահին, որ եթե քննարկումները պետք է փակ լինեն, պետք է դրանց ներկա լինեն ռազմագերիների, անհետ կորածների, պահվող անձանց հարազատներից առնվազն 15-ը։

«Մենք պահանջել ենք, որ նիստին ներկայանան Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ՊՆ ղեկավարը։ Նրանից որևէ մեկը ներկա չէր այսօրվա նիստին, վարչության պետերի մակարդակով էր ներկայացվածությունը․ սա էլ քաղաքական ու պետական մոտեցումն է այս խնդրին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածը, որում վերջինս հայտարարում է, թե գերիները իր համար չկան։

«Հարց է առաջանում՝ սա միայն Ալեն Սիմոնյանի անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստացի դիրքորոշումը։ Դիմելով իրենց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին ու իրենց քաղաքական թիմին՝ ասել եմ՝ իրենք պետք է հրապարակային հայտարարությամբ դատապարտեն Ալեն Սիմոնյանի մոտեցումը, հակառակ դեպքում՝ ստորագրում են նրա յուրաքանչյուր բառի տակ, և ընդունում են, որ այդ թեման պարզապես գոյություն չունի։ Եթե Ալեն Սիմոնյանը կարծում է՝ նրանք դասալիքներ են, պետական քաղաքականություն այս առումով գոյություն ունի՞, թե՞ չունի։ Քաղաքակիրթ հասարակություններում ԱԺ նախագահը, որը բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ է, նման հայտարարության համար ուղղակի բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ։ Մենք իրավական գործընթացներ ենք նախատեսելու այս առումով»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, թե Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դիմակազերծեց իշխանությանը։

Նույն շարքից