Իրավական Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Մեզ չեն ծեծել, եղել է ծեծկռտուք, բորենու նման հարձակվեն են մեզ վրա և ստացել են համապատասխան հարված ․Գերասիմ Վարդանյան

analitik.am

Ուզում եմ անդրադառնալ պատգամավորների օգնականներին ծեծելու հետ կապված վերնագրերին, ինձ հետ է եղել միջադեպը, իմ դեմքին նայելով ծեծված մարդ տեսնո՞ւմ եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց« Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոսի Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, ում մասնակցությամբ այսօր ԱԺ-ում տեղի էր ունեցել միջադեպ։

«Նիկոլի աներձագ Հրաչիկի հետ միջադեպ է եղել միջանցքում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի օգնականը զանգահարել է և հրավիրել Ռուբինյանի աշխատասենյակ իրար հասկանալու և պարզաբանելու նպատակով։ Մտել եմ աշխատասենյակ, մի 40 հոգով հարձակվել են ինձ վրա։ Որ ասում են՝ ծեծել են և այլն, այստեղ դուք «ծեծ կերած» մարդու տեսնո՞ւմ եք, ում ինչ պետք է, արել ենք, ում ինչ պետք է ասել ենք»։

Անդրադառնալով միջադեպի պատճառներին՝ Գերասիմ Վարդանյանը նշեց. «Միջանցքով անցնելու ժամանակ ասել են «արա», հարցրել եմ` ում հետ են, ասել են՝ մենք բոլորս այստեղ «արա» ենք, դա է եղել, անցել գնացել է։ Ես իրենց հետ սուրճ խմելու չեմ գնացել, հրավիրել են պարզաբանելու, ծեծկռտուք ու քաշքշուկ է եղել, իրենք իրենց ոհմակով չեն կարող նույնիսկ երեք դաշնակցականի ծեծել»։

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ սենյակում իշխանական պատգամավորներից եղել են Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և Արմեն Խաչատրյանը։

«Նորից եմ ուզում ընդգծել, մեզ ոչ մեկ չի կարող ծեծել, մեզ չեն ծեծել, եղել է ծեծկռտուք, բորենու նման հարձակվեն են մեզ վրա և ստացել են համապատասխան հարված։ Պատգամավորները սպասել են դռան հետևում, շակալի նման դարանակալել են, որ սենյակից դուրս գալուց հարձակվեն, ուղղակի այդ հարձակումը ինչպես պլանավորել էին այդպես տեղի չունեցավ»։

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց շտապ հավաք է կազմակերպվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ սպասում են իշխանական պատգամավորներին։ Նրանք նաև պահանջում են, որ ծեծկռտուքին մասնակից պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի և ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներ Սևակ Նազարյանի, Տարոն Ղազարյանի և Գերասիմ Վարդանյանի միջև։

Նույն շարքից