Կորոնավիրուս Հասարակություն 

Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի․ ԱՆ

analitik.am

Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Միաժամանակ, հիշեցնենք, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

• երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
• բնակության վայրում (տանը, բնակարանում),
• Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի,

Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

• անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),
• հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,
• լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
• ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,
• առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,
• հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,
• հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,
• կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,
• դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Նույն շարքից