Կորոնավիրուս Հասարակություն 

Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200000 դեղաչափ ձեռքբերելու 4 համար

analitik.am

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել Առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայունս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում: 200000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ:

Կառավարության նիստում այսօր քննարկվել է նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այս պահին այն կայուն է. «Երեկ գրանցվել է 129 դեպք, ընդհանուր առմամբ, 6885 թեստավորումից: Ցավոք ունենք մահվան 15 դեպք: Վերարտադրության ցուցանիշը կազմում է 0.56 տոկոս, ինչը նշանակում է, որ մեր այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եվ եթե նախատոնական և տոնական օրերին էլ փորձենք պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա այս իրավիճակը կկարողանանք կայուն վիճակում պահպանել»:

Ըստ նախարարի՝ Հայաստանում «Օմիկրոն» նոր շտամը դեռ հայտնաբերված չէ: «Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը, իհարկե, շատ կարևոր է: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և մենք այդպես էլ կշարունակենք հետագայում:

Ներկայացնեմ նաև Հայաստանում պատվաստումների վերջին ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, մենք իրականացրել ենք 1 591 809 պատվաստում: 920 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը և երկրորդ դեղաչափը ստացել են 670 710 քաղաքացի: Մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Երեկ իրականացրել ենք ընդհանուր 14007 պատվաստում»,-ասել է նախարարը՝ մեկ անգամ ևս հորդորելով քաղաքացիներին պատվաստվել:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է պատվաստումները շարունակել կորոնավիրուսի հաջորդ ալիքին դիմագրավելու համար: «Մենք այս հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք: Եվ սրա համար կա երկու հիմնական պատճառ: Պատվատումների, այնուամենայնիվ, որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունը ընդհանուր գործընթացի, համաճարակային իրավիճակի վրա: Իհարկե, նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի, այսպես ասած, իմունիտետի ձևավորման պրոցեսը նույնպես կարևոր է եղել: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, և այստեղ մեր միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում էլ հետևողականորեն շարունակենք պատվաստումները: Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում: Այսօր արդեն երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափ պատվաստանյութի մասին: Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի COVID-ի նոր ալիքները մեր հանրային, սոցիալ-տնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան: Այսինքն՝ դրանք արդեն այնքան սովորական դառնան, որ մենք նույնիսկ այս ձևաչափերում նման հարցեր չքննարկենք»,-ասել է վարչապետը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է բարելավել առողջապահական համակարգի կազմակերպչական կառուցվածքը` բնակչությանը, հատկապես սոցիալապես անապահով խմբերին, առավել մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով: Այդ նպատակով ՀՀ հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների արդյունավետության և որակի շարունակական բարելավումն իրականացվում է լրացուցիչ թվով մարզային բժշկական կազմակերպությունների օպտիմալացման, ինչպես նաև ընտրված ենթակառուցվածքների և բուժման հնարավորությունների բարելավման գործընթացներին աջակցություն ցուցաբերելով: Որոշմամբ առաջարկվում է վերակազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ ծննդօգնության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցվող «Էջմիածին» բժշկական կենտրոնը միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Վաղարշապատի հիվանդանոցին։ Այնուհետև, առաջարկվում է վերանվանել Վաղարշապատի հիվանդանոցը «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այսուհետ պետք է մատուցի նաև առողջության առաջնային պահպանման և ծննդօգնության ծառայություններ։ Առաջարկվում է նաև վերակազմակերպել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկան միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Գավառի բժշկական կենտրոնին։

Նույն շարքից