Բարի օր Քաղաքականություն 

ՀՀ իշխանությունները մեկ տարի մարդկանց պատրաստեցին նրան, որ Արցախից «ձեռք են քաշել». Մետաքսե Հակոբյան

analitik.am

ՀՀ իշխանությունները մեկ տարի շարունակ իրենց տարբեր հայտարարություններով մեզ պատրաստեցին նրան, որ Արցախից «ձեռք են քաշել», իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի փաստեց, որ ՀՀ իշխանություններն այլևս որևէ կապ չունեն Արցախի հարցի հետ, և Արցախն իրենց համար չկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ամփոփելով 2021 թվականին Արցախի շուրջ ընթացող գործընթացները։

«Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի իր ասուլիսով հաստատել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի իշխանությունների նկատմամբ, ինչին հետևեց նաև Արցախի իշխանությունների պատասխանը։ Ամեն դեպքում, հարաբերությունները չեն կարող լինել այնպես, ինչպես առաջ էին։ Սակայն մյուս կողմից, պետք է վարվել այնպես, որ դա երբևէ չխանգարի երկու պետություններում բնակվող հայրենակիցների հարաբերություններին։ Մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ մենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ ենք և ճակատագրի բերումով ենք երկու պետություններում ապրում»,-ընդգծեց Հակոբյանը։

Արցախցի պատգամավորի դիտարկմամբ՝ անցնող տարում յուրաքանչյուր բացվող օրվա հետ նոր մարտահրավերներ են նետվել, ամեն օր ինչ-որ նոր բանի դեմ են սկսել պայքարել։

«Այդ ամենի մեջ մեզ համար ամենաանսովորը պայքարելն է հայի այն տեսակի դեմ, որը, համագործակցելով թշնամու հետ, փորձում է ապացուցել, որ Արցախը չի եղել հայկական, փորձում է սեպ խրել հայկական երկու պետություններում ապրող հայերի միջև այն պարագայում, երբ արցախցին վերջին 30 տարիների ընթացքում ամուր է եղել ու վստահ, որ ողջ հայությունն իր թիկունքին է, ու դրանով ինքն ուժեղ ու հաղթող է»,-ասաց նա՝ ընդգծելով սակայն, որ, անկախ այս իշխանությունների վարած քաղաքականությունից, անկախ բոլոր մանիպուլյացիաներից, որևէ մեկին չի հաջողի սեպ խրել երկու պետություններում ապրող հայերի միջև։

Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ պատգամավորը նշեց, որ թեև արտաքինից տպավորություն է, թե Արցախում սոցիալական բոլոր խնդիրները լուծվել են, սակայն իրականում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք, սակայն, արցախցիներին չեն խանգարել վերադառնալ Արցախ։

«Բոլորիս մեջ վախ կար, որ շատ արցախցիներ չեն վերադառնա, որովհետև իր ողջ պատմության ընթացքում, երևի, Արցախն այս տեսակ սարսափ չէր տեսել, որ տեսավ 44 օրերի ընթացքում։ Ոչ թե սոցիալական աջակցության ծրագրերն արցախցուն իր տուն բերեցին, այլ հայրենիքի, հողի կանչը։ Արցախի սուբյեկտայնության պահպանման համար ամենակարևոր բանը, որ արեց արցախցին, հենց վերադարձն էր՝ լիովին անորոշ վիճակում, անվտանգային խնդիրներով։ Մեկ տարվա ընթացքում դրական բանը ռուս խաղաղապահների ներկայությունն է, որոնց շնորհիվ կարողանում ենք, թեև ոչ լիարժեք, բայց անվտանգ զգալ և ապրել»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նույն շարքից