Հասարակություն Տնտեսություն 

ՀԾԿՀ-ն երեկ «Գազպրոմ Արմենիա»-ից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել․ որոշման ընդունման դեպքում գազի սակագինը կբարձրանա ապրիլի 1-ից

analitik.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ «Գազպրոմ Արմենիա»-ից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել։ Սրա մասին Tert.am-ին հայտնեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀԾԿՀ-ն հայտը քննելու համար ունի 80 օր ժամանակ։ «Որոշումը, հավանաբար, կկայացվի մարտին։ Որոշումից 1 ամիս անց կվերանայվի սակագինը»,-ասաց նա՝ նշելով, թե մինչև որոշման կայացումը՝ համալիր ուսումնասիրություններ են անհրաժեշտ։

Հարցին՝ արդյո՞ք գազի սակագինը կբարձրանա միայն սահմանին, թե նաև սպառողների համար, ՀԾԿՀ խոսնակը նշեց, թե այդ հարցերի պատասխանները ևս ուսումնասիրությունների արդյունքում կլինեն։ «Եթե գազի սակագինը սպառողների համար բարձրանա, այդ մասին կտեղեկանան 1 ամիս առաջ»,-նշեց Ազիզյանը։

Ինչ վերաբերում է azdarar.am հարթակում հրապարակված հայտում նշված լրացուցիչ համաձայնագրին, որը ստորագրվել է 2021-ի հոկտեմբերի 29-ին, և որը հիմք ընդունելով էլ՝ «Գազպրոմ Արմենիան» սակագնի վերանայման հայտ է ներկայացրել, Ազիզյանն ասաց, թե այն կնքվել է «Գազպրոմ Արմենիա»-ի և «Գազպրոմ Էքսպորտ»-ի միջև՝ կկալի ճշգրտման հարցով։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել էր գազի սակագնի փոփոխություններին՝ նշելով․

«12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է»։

Նույն շարքից