Իրավական Հասարակություն 

Պնդելու ենք, որ Արմինե Ադիբեկյանի գործով Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես տուժող, դա մեղադրյալի իրավունքն է. փաստաբան

analitik.am

Այսօր Արմինե Ադիբեկյանի դատավարական ստատուսը փոխվեց, կասկածյալից դարձավ մեղադրյալ, մեղադրանքը իրականում շատ հետաքրքիր էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Գիտեք, որ նա որոշակի արտահայտություններ է արել նկարի տակ, առանց որևէ բան մատնանշելու։ Բայց այդ նկարում պատկերված են եղել 10-ից ավելի անձինք: Տիկին Ադիբեկյանը մեղադրվում է անձնապես Նիկոլ Փաշինյանին մեղադրելու համար։ Նկարում ՔՊ-ական վերնախավն էր, բայց նրանց մասին խոսք չի գնում։ Մենք միջնորդություն ենք ներկայացրել և հարց բարձրացրել` որտեղ է տուժողը։ Եթե իմ պաշտպանյալը մեղադրյալն է, ապա տուժողը ո՞վ է։ Սա ոչ միայն տուժողի շահերի պաշտպանություն է ենթադրում, այլ նաև մեղադրյալի, որովհետև այդ անձի դիրքորոշմամբ է պայմանավորված վարույթի հետագա ընթացքը։ Տուժողի ներգրավելը նաև մեղադրյալի իրավունքն է։ ՔՕ 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից տուժողի հետ հաշտվելու դեպքում։ Չպե՞տք է ունենանք տուժողի հետ հաշտվելու հնարավորություն։ Պնդելու ենք, որ պարոն Փաշինյանը ներգրավվի այս գործում, և լսենք, թե ինչ դիրքորոշում ունի, կարծում եմ՝ կունենանք հետաքրքիր դատավարություն։ Մեկուկես տարի առաջ նա քննիչի աշխատասենյակից սելֆի էր հրապարակել և նշել, որ հաճույքով եկել է հարցաքննվելու, կարծում եմ՝ այդ հաճույքը կարող ենք այս գործի շրջանակներում ևս պատճառել»,- ասաց Մելիքյանը։

Գործով մեղադրյալ հանդիսացող Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ աղոտ է պատկերացնում իրեն և Նիկոլ Փաշինյանին սահմանափակ տարածության մեջ. «Ես դրան նորմալ եմ վերաբերվում, որովհետև նա ինձ համար որևէ արժեք չի ներկայացնում, նրա հետ մի սենյակում գտնվել- չգտնվելը մի մեծ իրադարձություն չէ, պահպանելով բոլոր նորմատիվները` պետք է այդ գործին ընթացք տանք և բերենք ավարտին»։

Ադիբեկյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ տուժողի ներգրավվելը անհրաժեշտություն է, և որևէ խտրականություն չպետք է լինի։

«Ինչպես է հնարավոր, որ գործով տուժող չլինի, քննիչը ինչպե՞ս է եկել եզրակացության, որ ինչ- որ մեկին հասցվել է բարոյական վնաս»,- ասաց Մելիքյանը։

Արմինե Ադիբեկյանը ընդգծեց, որ ինքը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի գիրքը, բայց տեղեկանալով, որ որոշ արտահայտություններ կան գրքում, ընթերցել է միայն այն հատվածները, որտեղ պարունակվում են հայհոյանքներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը հունվարի 12-ին հրավիրվել է Ոստիկանություն ֆեյսբուքյան գրառման համար։ Նա մեղադրվում է ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով։

Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նույն շարքից