Քաղաքականություն 

Թող որևէ գործատու և աշխատող չվախենա ռեպրեսիաներից․եթե գործատուի վրա վարչական ակտ դրվի, նա կարող է այդ ակտը բողոքարկել Վարչական դատարանում․ Արամ Վարդևանյան

analitik.am

Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ևս հետևանք պետք է առաջացնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, համաձայն որի՝ հակասահմանադրական է առողջապահության նախարարի հրամանի այն ձևակերպումը, թե կորոնավիրուսի թեստը քաղաքացին պետք է անի «իր հաշվին»։

Հարցին՝ միանշանակ պետությու՞նը պետք է փոխհատուցման բեռը կատարի, Վարդևանյանն արձագանքեց, թե ՍԴ-ն դրա լուծումը տվողը չէ, բայց կարող է ուղենիշ տալ։ «Եթե իշխանությունները չեն ուզում առերեսվել իրավունքների և պարտականությունների հետ, ՍԴ-ն անզոր է»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են վճարել իրենց թեստերի համար, Վարդևանյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին գործատուների հետ այս հարցը դնել Կառավարության առջև։ «Թող որևէ գործատու և աշխատող չվախենա ռեպրեսիաներից, վարչական միջամտություններից, բիզնեսը կորցնելու խնդիր չի առաջանա։ Եթե գործատուի վրա վարչական ակտ դրվի, նա կարող է այդ ակտը շատ հանգիստ բողոքարկել Վարչական դատարան, հիմքում էլ դնել ՍԴ որոշումը»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ եթե իշխանությունը լիներ մարդու իրավունքն ու Սահմանադրությունը հարգող, նման իրավիճակ չէր առաջանա, ՍԴ որոշումից հետո անմիջապես ներողություն կխնդրեին։

Նույն շարքից