Քաղաքականություն 

Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, պատրաստակամության մակարդակից․ Ռուբեն Ռուբինյան

analitik.am

Այս պահի դրությամբ կա հետևյալը՝ տեղի է ունեցել երկու ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքներով երկու կողմերի արտգործնախարարությունները տարածել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հատուկ ներկայացուցիչների՝ Մոսկվայում կայացած հանդիպմանն ու հարցին՝ Թուրքիայի կողմից որևէ նախապայման առաջ չի՞ քաշվել։

«Առաջին հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացը ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից։ ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել ՀՀ-Թուրքիա հարաբերությունները, հասնել սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ՀՀ-ն իր այդ մոտեցման անկեղծ է, և հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նմանատիպ կառուցողականություն կցուցաբերի»,-ասաց Ռուբինյանը։

Հարցին՝ չի՞ բացառում, որ Թուրքիան բանակցությունների ընթացքում ներկայացնի նախապայմանները, Ռուբինյանը նշեց, թե կարող է ֆիքսել այն, ինչ կա այս պահին։ «Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, դա առաջին հերթին սահմանի բացումն է»,-ասաց ԱԺ փոխնախագահը։

Հարցին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարոկւմ հնարավո՞ր է, Ռուբինյանը պատասխանեց, որ ՀՀ որևէ իշխանության օրոք Ցեղասպանության ճանաչումը չի եղել հայկական կողմից առաջադրված՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախապայման, այս առումով ոչինչ չի փոխվել։

Դիտարկմանը, որ ՀՀ-ն պաշտոնապես հայտարարում է, որ չի հրաժարվելու Ցեղասպանության ճանաչման գործընթացից և Արցախի ինքնորոշման իրավունքից, Ռուբինյանն արջժձագանքեց, որ երբ ասում են, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերություննները կարգավորել առանց նախապայմանների, նշանակում է՝ նույնն ակնկալվում է մյուս կողմից։

«Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Արցախի կարգավիճակի հարցն այլ ֆորմատում քննարկվող, այլ հարթության հարց է»,-նշեց նա՝ ընգծելով Մինսկի խմբի գոյությունը։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին, Ռուբինյանը հորդորեց այդ տերմինը չկիրառել, քանի որ, նախ, ՀՀ-ում այդ անունով վարչատարածքային միավոր չկա, երկրորդ՝ չի եղել որևէ հայտարարություն, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է միջանցք տրամադրի այդ կողմին։ Նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին։

Դիտարկմանը, թե քաղհասարակությունը մտահոգություններ է հնչեցնում, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման՝ ՀՀ ներկայացուցչի և ԱԺ փոխնախագահ պաշտոններն անհամատեղելի են, քանի որ նրա վարկանիշի անկում կարող է լինել՝ ԱԺ-ում եղած իրադարձություններով պայմանավորված, ինչը կվնասի ՀՀ վարկանիշը բանակցություններում, Ռուբինյանն արձագանքեց․

«Իրավացիորեն մատնանշվել է մի հանգամանք, որ հատուկ ներկայացուցիչն անձ է, որն ամենօրյա հանրային գործունեությամբ է զբաղվում, արդյո՞ք դա առաջացնում է որոշակի բարդություններ։ Այո, որոշակի բարդություններ առաջացնում է։ Կարծում եմ՝ այդ բարդությունները կարող էին չլինել, եթե ընդդիմությունը մնար կոռեկտության սահամններում և փորձեր բովանդակային առումով քննարկել ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Բայց իմ՝ ամենօրյա հանրային գործունեությամբ զբաղվելու փաստը նաև ունի դրական կողմեր»,-ասաց նա՝ նշելով, որ, օրինակ, իրեն կարող են ավելի հաճախ հարցեր տալ։

Հարցին՝ ովքե՞ր են ներգրավված աշխատանքային խմբում, Ռուբինյանն արձագանքեց, թե չի կարծում, որ դա այս պահին անհրաժեշտ է բարձրաձայնել։

Ինչ վերաբերում է երկրորդ հանդիպմանը, նա նշեց, որ դրա կայացման օրվա և վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, երբ հայտնի լինի, կտեղեկացնեն։

Նույն շարքից