Հասարակություն 

Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

analitik.am

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները:

Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը 4,5 միավորով նահանջել է 3-րդ հորիզոնական:

Երկրորդ տեղում Մարիա Գևորգյանն է, որը 7-րդ տուրում հաղթել է Վերոնիկա Խաչատրյանին և այժմ 5 միավոր ունի իր ակտիվում:

Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց առաջնութանը, ապա անցկացրած 6 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։ 6-րդ տուրում Պետրոսյանը մրցել է գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ և 3-րդ անընդմեջ հաղթանակը տարել:

4-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը. նրանք առավելության են հասել համապատասխանաբար Արման Միքայելյանի և Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ այս տարի առաջին անգամ մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի Youtube-յան ալիքով. այն մեկնաբանում է Եվրոպայի 2021 թվականի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը:

Տղամարդկանց 82-րդ առաջնությանն այս տարի մասնակցում են Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց 77-րդ առաջնության չեմպիոնի կոչման համար պայքարում են Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանը, Ասյա Եդիգարյանը, Մարիամ Ավետիսյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Նարինե Գասպարյանը և Նարե Առաքելյանը:

Մրցաշարը կտևի մինչև հունվարի 23-ը:

Նույն շարքից