Հասարակություն 

Գերմանացի մասնագետները կմասնակցեն Գեղարքունիքի համայնքների վերածննդին

analitik.am

Գեղարքունիքի մարզում իրականացվում է նախադեպը չունեցող նախագիծ՝ «Գագարին»-ը, որը մարզի մի քանի համայնքներին կհաղորդի տնտեսական և սոցիալական զարգացման սկզբունքորեն այլ պատկեր։ Ծրագիրն իրականացնում է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ծրագրի աշխատանքներին են միացել գերմանական մասնագետները։ Waldheim International Gmbh ընկերության ղեկավար Աննա Քարաքաթսանիսը և «ԴԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արսեն Աղաջանյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ գերմանական կողմը կմատուցի անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ՝ «Գագարին» նախագծի շրջանակներում կառուցվող կենսաթոշակային տարիքի անձանց համար նախատեսված գյուղի վերաբերյալ։

Գերմանական ընկերությունը հանդես կգա իբրև ծրագրի խորհրդատու ինչպես դրա նախագծման, այնպես էլ իրականացման ընթացքում, կմշակի գյուղի կառուցման ռազմավարությունը սահմանափակ կարողություններով անհատների համար, ինչպես նաև կառաջարկի տարեցների խնամքի եվրոպական առաջատար տների մակարդակի հաստատության ստեղծման մեխանիզմները։

Նախագիծն իրականացվելու է հոլանդական համաշխարհային հայտնի MVRDV ճարտարապետական ընկերության մաստեր-պլանի շրջանակներում։

Մեր օրերում հոլանդական ճարտարապետները հանդիսանում են կենսաթոշակային տարիքի անձանց համար նախատեսված տների նախագծերի իրականացման, նրանց համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման առաջամարտիկները։

Waldheim International GMBH-ն ծերատների նախագծման և շինարարության ծրագրեր իրականացնող գերմանական ընկերություն է, որը բնակեցնում է բարձր տարիքային կատեգորիաների մարդկանց Եվրոպայի և Ասիայի ծերատներում, խորհրդատվություն է տրամադրում խնամքի և կեցության այլընտրանքային ձևերի մասին իր wirzum.com պլատֆորմի միջոցով։

MVRDV-ը հոլանդական համաշխարհային հայտնի ճարտարապետական բյուրո է, որը նոմինացված է ճարտարապետության բնագավառում բազմաթիվ մրցանակների։ Այժմ պատրաստում է «Գագարին» տարածքային միավորի գլխավոր պլանը՝ համանուն նախագծի շրջանակներում։

Նույն շարքից