Քաղաքականություն 

«5165 շարժման» հայտարարությունը Արմեն Սարգսյանի հրաժարական տալու վերաբերյալ

analitik.am

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Այս մասին հայտարարել է «5165 շարժումը»։

«Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին:

Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել: Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:

Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:

Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»,-նշված է հայտարարության մեջ:

Նույն շարքից