Միջազգային Քաղաքականություն 

«Քանի դեռ ես նախագահ եմ, թույլ չեմ տա Բելառուսի օկուպացումը». Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի ներկայիս ղեկավարությունը երբեք թույլ չի տա, որ երկիրն օկուպացվի: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հաստատելով 2022 թվականին սահմանային ծառայության կողմից պետական սահմանի պաշտպանության մասին որոշումը, հայտնում է ԲելՏԱ-ն։

«Ես երբեք չեմ իջել այն մակարդակի, որ վիճեմ մրցակիցներիս և ընդդիմախոսներիս հետ, բայց այսօր, ստանալով տեսությունը (մամուլի տեսություն-Խմբ.), զարմացա՝ կարդալով, որ մեզ մոտ տեղի է ունեցել «Բելառուսի օկուպացիա»։ Ես՝ որպես գլխավոր հրամանատար, նման բան ինչ-որ չեմ նկատել։ Միգուցե դուք ինձ տեղյակ չե՞ք պահել, որ այստեղ «Բելառուսի օկուպացիան» է իրականացվել»,- Լուկաշենկոն հեգնանքով հարցրել է Պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապպոյին:

Նախագահը նշել է, որ ընդդիմադիր լրատվամիջոցներն անընդհատ ուռճացնում են ռուս-բելառուսական զորավարժությունների թեման՝ հաշվելով, թե Ռուսաստանից քանի զինծառայող է ժամանելու Բելառուս։ Ավելին, դրանք զորավարժությունները կոչում են «օկուպացիայի պլան»։

«Երբե՛ք, երբե՛ք, գոնե քանի դեռ ես նախագահ եմ, իսկ դուք՝ գեներալներ, մենք թույլ չենք տա Բելառուսի օկուպացումը: Դա երբեք տեղի չի ունենա ոչ մի կողմից: Ո՛չ ձախից, ո՛չ աջից, ո՛չ արևմուտքից, ո՛չ արևելքից, ո՛չ հյուսիսից, ո՛չ հարավից: Երբե՛ք: Մենք կմեռնենք, բայց դա թույլ չենք տա, ուստի այս թեմայի շուրջ շահարկումների կարիք չկա»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Նույն շարքից