Հասարակություն 

Քննարկվել են ՄԿՈՒ ոլորտի օրենսդրական բարեփոխումները

analitik.am

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ աշխատաշուկայի հսկայական հատվածը պետք է ապահովի ՄԿՈՒ ոլորտը, և այդ առումով այն շատ կարևոր է:

«Ներկայում հիմնովին վերանայվում է այդ ոլորտի օրենսդրությունը, և այս թիրախային քննարկումը կազմակերպել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ հաստատություններին՝ կայանալու և տնտեսապես անկախ ու ինքնաբավ լինելու, շահույթը, ըստ օրենքի և կանոնադրության, ծառայեցնելու կրթության բովանդակությանը և պայմանների բարելավմանը»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը՝ քննարկման մասնակիցներին հորդորելով անկաշկանդ քննարկել բոլոր հարցերը և գտնել խելամիտ լուծումներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս ողջունել է համատեղ նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու և լավագույն լուծումներ գտնելու համար կարևոր է տարբեր կառույցների ջանքերի համադրումը: Նրա խոսքով՝ բացի վաղուց հասունացած փոփոխությունների շեշտադրումներից, անհրաժեշտ է խոսել նաև այն գործնական քայլերից, որոնք պետք է դյուրին դարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) լայնածավալ կիրառությունը բոլոր ուսհաստատություններում:

«Այս առումով համապատասխան գործընկերության շրջանակում 2017 թվականից ունենք կուտակված լավ փորձ՝ իրականացված բազում փորձնական ծրագրերի հիման վրա: Սա այն տարբերակն է, որ ԱՀՈՒ օրենսդրական կարգավորումները պետք է մշակվեն արդեն իսկ կուտակված փորձի հիման վրա: Ավելի հաճախ մենք ունենում ենք հակառակ պատկերը, երբ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում, հետո դրանք կյանքի են կոչվում: Սա մեզ լավատեսություն է ներշնչում, որ մշակված մեխանիզմները կլինեն կիրառական և կբարձրացնեն ՄԿՈՒ ոլորտի կրթության որակը»,- նշել է բանախոսը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ քննարկմանը մասնակցում են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, քանի որ այս խնդիրը, ըստ փոխնախարարի, ենթադրում է ընդհանրական լուծումներ, որոնք պետք է վերաբերեն տարբեր ոլորտների օրենսդրությանը:

«Անհրաժեշտ է քննարկել բոլոր փոխկապակցված գործընթացները, որպեսզի չունենանք մի հերթական իրավիճակ, երբ ոլորտային օրենսդրությունը նախատեսում է մեկ բան, սակայն ֆինանսական կամ գնումների և այլ ընթացակարգերը դրա իրագործումը փաստացի դարձնում են բարդ»,- շեշտել է նախարարի տեղակալը՝ կարևորելով, որ օրենսդրական մեծ փաթեթի քննարկումն իրականացվում է ԱԺ-ի հետ գործընկերությամբ:

ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանն իր հերթին նշել է, որ ծրագիրն աջակցում է ՄԿՈՒ հաստատություններում դուալ և ԱՀՈՒ մոդելների ներդրմանը: Այս ընթացքում ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: «Այս փորձնական արդյունքների հիման վրա մեզ հաջողվեց ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ նախաձեռնել օրենսդրական փաթեթների մշակման լայնածավալ գործընթաց: 2020 թվականին մենք իրականացրել ենք ՄԿՈՒ ոլորտի հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն, որի արդյունքում առաջարկել ենք համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը»,- նշել է Արամ Բաբայանը: Նրա խոսքով՝ այս քննարկման նպատակն է նաև հասկանալ, թե քոլեջներում ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումն ինչպես կարող է նպաստել ուսումնական գործընթացին այն ոլորտներում, որտեղ առկա են դժվարություններ՝ մասնավոր հատվածի ներգրավման առումով: Նա նաև անդրադարձել է ուսանող-գործատու փոխհարաբերությունների խնդիրներին և դրանց արդյունավետ լուծումներին:

Քննարկումը ծավալվել է երեք հիմնական թեմաների շուրջ՝ արհեստագործական ուսումնարանների և քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները, առկա կարգավորումների բարելավման տարբերակները, վերոնշյալ գործունեության կազմակերպման հետ կապված՝ ՄԿՈՒ հաստատություններին մտահոգող այլ հարցադրումները, ինչպես նաև ուսումնական աշխատանքի իրավական կարգավորման հիմնախնդիրները:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են առկա խնդրահարույց իրավիճակները, խոչընդոտները, ինչպես նաև իրենց հաջողված փորձը: Ծավալվել է բուռն և արդյունավետ քննարկում: Հանդիպման ավարտին ամփոփվել են ՄԿՈՒ ոլորտում հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ հնչած մոտեցումները:

Նույն շարքից