Գլխավոր Քաղաքականություն 

Ազգն ընտրել է ՔՊ-ին, ՔՊ-ն՝ վարչապետին, վարչապետը՝ նախարարներին․ ազգն այդ մարդկանց հետ ունի մեծ հույսեր․ Վահան Քերոբյան

analitik.am

Տեղեկություն չունեմ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին և արդյո՞ք այդ օրը ռեստորանում վարչապետը ցույց տվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը և կամ բացասական թեստը հավաստող QR կոդը։

Հարցին՝ ինքը ցույց տվե՞լ է, Քերոբյանը պատասխանեց․ «Դրանից երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ «բուսթերով», և դրա մասին բոլորը գիտեն։ Իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ միևնույն է՝ պետք է պահանջեին QR կոդ, չե՞ն պահանջել, նախարարը պատասխանեց, թե չի հիշում։

Անդրադառնալով հարցին, թե վարչապետը ճի՞շտ էր ասում, որ ինքը թույլ չի տվել Քերոբյանին հրաժարական տալ, վերջինս դրական պատասխան տվեց։ Հարցին էլ՝ իսկ ինչո՞ւ է ուզել հրաժարական տալ, նախարարը պատասխանեց․ «Ես չասացի՝ ուզել եմ հրաժարական տալ։ Բնականաբար, շատ մեծ պատասխանատվությամբ եմ արել այդ խոսակցությունը։ Ժամանակ առ ժամանակ մենք քննարկումներ ունենում ենք մեր ղեկավարների հետ՝ կատարված աշխատանքի որակի և բավարար լինելու վերաբերյալ։ Ես կարող եմ ասել՝ իսկ ինչ կարծիքի եք սրա մասին, կարող է ասել՝ ես արգելում եմ։ Դա չի նշանակում, որ ես ուզում եմ հրաժարական տալ»։

Քերոբյանն ընդգծեց՝ ցանկացած փոփոխություն ժամանակ է պահանջում։ «Հետևաբար, երբ ինչ-որ մեկը պետական կարևոր պաշտոններ է զբաղեցնում, պետք է հասկանա, որ ինքը չունի այդ ազատությունը՝ երբ ուզի, գնա, որովհետև ազգն իր հետ կապել է մեծ հույսեր։ Ազգն ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ՔՊ-ն ընտրել է վարչապետին, վարչապետն ընտրել է իր նախարարներին։ Բնականաբար, ազգն այն մարդկանց հետ, որոնք զբաղեցնում են այս պաշտոնները, ունի մեծ հույսեր, և չափազանց անպատասխանատու է առաջին իսկ հարմար առիթով գնալ»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ ԱԱԾ, ՊՆ, ՇՄՆ և այլն, շատ արագ փոխվում են ղեկավարները, Քերոբյանն արձագանքեց․ «Կա Կառավարության ծրագիր, և եթե ինչ-որ պահի պարզվում է, որ մի նախարար դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ չի անում իր գործը՝ համապատասխան Կառավարության ծրագրի, ապա նա պետք է լքի իր պաշտոնը»,-ասաց նա

Աղբյուրը՝ Tert.am

Նույն շարքից