Տեսանյութեր Քաղաքականություն 

Մեզ մոտ պատերազմը դեռ չի վերջացել, Երևանում՝ չգիտեմ. Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյան (տեսանյութ)

analitik.am

Փաստացի արդեն երևում է, որ մարդկանց ձայնը կտրել են, բայց ինչքան էլ կտրեն, միևնույն է, մարդն իր միմիկայով կարող է հասկացնել` ինչ է պահանջում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկյանը։

«Բոլորին խոսքի իրավունքից զրկել են, այն աստիճան, որ մարդը, տեսնելով ստեղծված իրավիճակը, բարկացած վիճակում չի կարող պոռթկալ, վիրավորել, հայհոյել, հիմա դա էլ են փակել։ «Ստավկա» են դրել, վարչապետին հայհոյելու համար՝ 1 մլն, տիկնոջը հայհոյելու համար՝ 2 մլն, աղջկան՝ 3 մլն, Աշոտիկին` 1400 դրամ, սա իրականում խոսքի իրավունքից զրկել է։ Բռնել, դատավոր Բորիս Բախիշյանին կալանավորել են, նրանից մարդու հոտ էր գալիս, հիմա կտեսնենք, թե Բախշիյանին, որ դատավորն է դատելու, Բորիսը սյունեցու մտածելակերպով է առաջնորդվում, օրենքի մարդ է։ Ամեն ինչի վերջն էլ գալու է՝ կա՛մ օրենքով, կա՛մ Աստծո ուժով։ Ոստիկաններին մենք հարգել ենք տարիներ շարունակ, հիմա դարձել են «միլիցա», պետք է ամաչեն նրանից, թե հասարակությունը ինչ անուն է իրենց տալիս»,- ասաց Աղաբեկյանը։

Վերջինս նշեց, որ թե՛ Շուռնուշում, թե՛ ամբողջ Սյունիքում հասարակությունը էլ ավելի է փոխել իր վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ։

Անդրադառնալով վարչապետի կողմից բազմիցս հայտարարված խաղաղության դարաշրջանին և թուրքերի ու ադրբեջանցիների հետ կողք կողքի խաղաղ ապրելուն, Աղաբեկյանը նշեց, որ այդպիսի բան չի պատկերացնում։

«Դա անհնարին բան է, հերթական կուտն է, որ պետք է բաժանեն մեր ժողովրդին, թուրքի լավը ո՞րն է, թուրքը մնում է թուրք։ Ադրբեջանը ամեն կերպ նվաստացնում է Հայաստանին, մեր կողմից մի համարժեք պատասխան չկար, Ջաբրայիլից փչող քամուց Սյունիքում դեռ արյան հոտ է գալիս, մեզ մոտ պատերազմը դեռ չի վերջացել, Երևանում՝ չգիտեմ»,- ասաց Աղաբեկյանը։

Նույն շարքից