Հասարակություն Տեսանյութեր Քաղաքականություն 

Քննարկում ենք դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ COVID-19-ի ամենօրյա թվերի հաստատուն նվազում է նկատվում և նվազման տեմպը շարունակվելու է։

«Հիմա մենք քննարկում ենք նաև դիմակների պարտադիր կրման պահանջը հանելու հարցը։ Նույնիսկ փակ տարածքներում դիմակը ոչ թե պարտադիր կրման ռեժիմում կունենանք, այլ ուղղակի խորհուրդը կտրվի կրել դիմակ»,-նշեց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ ըստ կանխատեսումների՝ տենդենցը պահպանվելու է։ Նա նշեց, որ որոշ սահմանափակումներ վերանայվելու են, դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին օրինակ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր։

«Ընդհանուր առմամբ՝ մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ այլոց հետ փակ տարածությունում են գտնվում։ Պարտադիր բնույթ կրելու մասով վերանայելու ենք»,-նշեց Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 24 քաղաքացի:

«Այս պահին Հայաստանում շրջանառվում է «Օմիկրոն»-ի B1 ու B2 շտամերը: Կարծես, «Դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել», – ասաց նախարարը:

Նա նշեց, որ քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունենում են ծանր դեպքեր, լինում են նաև մահվան դեպքեր. պատվաստման առումով պետք է շարունակել պահել զգոնությունը:

«Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը, իսկ երկորրդ դեղաչափ ստացել է 905 հազար 624 քաղաքացի՝ 40 տոկոս», – նշեց նախարարը՝ հավելելով, որ երրորդ դեղաչափով պատվաստվել է 20 հազար 169 քաղաքացի:

Նույն շարքից