Տեսանյութեր Քաղաքականություն 

Պատասխանե՞լ եք Բաքվի 5 պահանջներին․ եթե՝ այո, ինչո՞ւ չեք հանրայնացնում. Արթուր Վանեցյան

analitik.am

Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն խնդիրների առաջ: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վերջինս նշեց, որ 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո այդ երկիրը նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության համար, այսպես կոչված, հինգ սկզբունքներ ներկայացնում, որոնք Վանեցյանի համոզմամբ, Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին են։

«Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել ու աջակցում է Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա ու այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները: Այս ամենին ի պատասխան՝ Երևանը լուռ է, ավելի ճիշտ, խոսում է, շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին»,- ասաց Վանեցյանը և հավելեց, որ նույնքան զավեշտալի է Հայաստանի այսօրվա իշխանության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի վերաբերյալ։

«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջին, թե՞ ոչ: Եթե պատասխանել եք, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ Ավելին, ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Չգիտեն արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չեն հասկանում արդյոք, որ այսկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրեջանական օրակարգն են սպասարկում», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Նույն շարքից