Տնտեսություն Քաղաքականություն 

Մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ունենք էժանացումներ. Փաշինյան

analitik.am

Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է: Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց՝ հասկանում են, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեն և դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է հարկերի հաշվին:

«Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այդ մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը:

Նույն շարքից