Գիտություն Գլխավոր Լրահոս Հասարակություն 

Նորարար երիտասարդներ և հետաքրքիր հնարավորություններ. Ամերիաբանկի «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի հաղթողները հայտնի են

analitik.am

Թարմ ու նորարար գաղափարները, երիտասարդների ներուժն ու տարբեր ոլորտներում զարգացման և փոփոխության տեսլականը կարևորելով՝ Ամերիաբանկը Visa-ի հետ համատեղ իրականացրեց «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթը: 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած մրցույթը Հայաստանի տարբեր անկյուններից իր շուրջն էր հավաքել երիտասարդների, որոնք 5-6 հոգանոց թիմերով ներկայացրել էին նորարար ու հետաքրքիր նախագծեր:

Մասնակցության համար երիտասարդներից պահանջվել էր ցանկություն, նպատակ, դե իսկ առանցքային պայմանը՝ գաղափար, որը հասարակության կամ մարդու համար կբերի փոփոխություն, զարգացում և իրագործելի կլինի Հայաստանում: Ներկայացված նախագծերից եզրափակիչ էին անցել 11-ը, իսկ նախագծերի թեմաները հաճելիորեն զարմացնում էին՝ կրթություն, աղբահանություն, առողջապահություն և այլն: Մինչ մրցանակներին անցնելը, ժյուրիի անդամներից շատերը նշեցին, որ երիտասարդների մտքերն ու առաջարկները, տրամադրվածությունը ոգևորիչ են։

Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանի համար առաջնահերթ տպավորիչ էին թիմերի կազմերը. նրա խոսքով՝ մասնակիցների թվում շատ աղջիկներ կան, մասնագիտական հետաքրքրությունների առումով համոզվեց՝ աղջիկները հիմա չեն խուսափում զբաղվել բիզնեսով, փոփոխություններով և նորարությամբ։

«Ժյուրիի անդամներով նկատեցինք նաև, որ փոփոխությունն արդեն այս երիտասարդների գլխում է, կանգնեցնել հիմա կամ դադարեցնել դա այլևս հնարավոր չէ։ Անկախ նրանից,թե ովքեր ճանաչվեցին հաղթող, վստահ եմ` մասնակից բոլոր թիմերն ինչ-որ ձևով գտնելու են մեր կյանքն ավելի լավը դարձնելու իրենց ճանապարհը։ Այս երիտասարդները վաղը լինելու են շատ կարևոր փոփոխությունների հեղինակը»,-նշեց Պապոյանը:

 

Երևանից և մարզերից եկած ուսանողները սովորում են տարբեր բուհերում ու տարբեր մասնագիտություններով, բայց նրանց համախմբել էր գաղափարն ու նպատակը։ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նկատեց՝ ակնհայտ է՝ հիմա գալիս է սերունդ, որը չունի սովետական ժառանգություն և ազատ է այն կարծրատիպերից, որոնք ունեցել են մինչ այդ սերունդները։

 

 

«Երիտասարդ սերունդն ունի կրթության որակի և մակարդակի խնդիր, միևնույն ժամանակ, ավելի բաց ու պատրաստ է դեպի առաջ նայելու, հետևապես` այսպիսի ներդրումները, որոնք ուղղված են երիտասարդությանն ակտիվացնելուն, նրանց կրեատիվ միտքը զարգացնելուն և դեպի փոփոխություններ ուղղելուն, շատ կարևոր են մեր հասարակության համար։ Եթե հաշվի առնենք երկու փաստ` խնդիր ունենք կրթության ոլորտում և ունենք լուրջ հաջողություններ AR ոլորտում, եթե փորձենք այդ երկուսն իրար կապել, ապա կարող ենք լուծել և՛ առկա խնդիրները, և՛ օգտվել առավելություններից։ Ներկայացված առաջարկները շատ տարբեր ոլորտներից են: Ուրախալի է, որ երիտասարդների ծրագրերից առնվազն չորսը աղբահանությանն են ուղղված: Կարծում եմ՝ աղբի նկատմամբ մեր վերաբերմունքն ամենալուրջ սիմվոլն է, թե մենք ոնց ենք վերաբերվում մեր երկրին։ Այն, որ երիտասարդությունը զգում է խնդիրը, որոնում փոփոխություններ, ողջունելի է: Հաղթող ճանաչվեց կրթության ոլորտի նախագիծ, իսկ մենք հիմա բովանդակության և նպատակների, ժամանակակից տեխնոլոգիաների, մրցունակ կրթության խնդիր ունենք, իսկ աշխարհը թելադրելու է, որ մեր երիտասարդները լինեն մրցունակ: Նման ծրագրերը նաև երիտասարդության վերաբերմունքն է այս խնդիրներին»,-ասաց Ջրբաշյանը:

 

 

«Ամերիաբանկ»-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանի խոսքով էլ՝ վերջին տարիների ընթացքում իրենց կողմից հարյուրից ավել նախագիծ է իրականացվել հենց երիտասարդության համար:

«Մենք ուրախ ենք այստեղ այսքան պայծառ երիտասարդներ տեսնել, նման նախագծերն իրականացվում են՝ նպատակ ունենալով ոգևորել նրանց, տալ հնարավորություն զարգացնելու իրենց ունակություններն, իրացնելու իրենց պոտենցիալը: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ երիտասարդները հնարավորություն ունենան իրականացնելու իրենց ամենաանհնարին թվացող գաղափարները, փոփոխություն բերող մտքերը: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ բարելավել կյանքի որակը, որոշեցինք իրականացել այս մրցույթը: Նման նախագծեր նաև իրականացնում ենք կազմակերպության ներսում, մասնավորապես՝ թվային փոխակերպման մեր ռազմավարության ներքո մեկնարկել ենք մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնք նպատակ ունեն բարելավել, ուժեղացնել մեր թիմակիցների հմտությունները և գիտելիքներն, ինչպես նաև օգնել նրանց վերաորակավորվել մի շարք ուղղություններով»,-հավելեց Մելքումյանը:

Գլխավոր մրցանակակրին ընտրելիս՝ առաջնահերթությունը դրվել էր մի քանի կարևոր հանգամանքի վրա` փոփոխության առաջարկի առկայություն, հասարակության կամ երկրի համար նորարություն, ինչպես նաև որոշակի աշխատանքներից հետո այն մեծ նախագիծ դառնալու հնարավորություն: Ժյուրիի անդամները, որոնք տարբեր ոլորտի մասնագետներ էին, թեժ և երկար քննարկման արդյունքում որոշեցին հաղթողներին: Գլխավոր մրցանակ 3 մլն ՀՀ դրամի արժանացավ «TakeAR» նախագիծը, որը ներկայացնում էին Վարդան Մելքոնյանը, Վիգեն Խաչատրյանը, Անդրանիկ Հարությունյանը, Համեստ Աղաջանյանը և Լիանա Խաչատրյանը: Նախագծի նպատակն է՝ Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության /augmented reality/ և վիրտուալ իրականության /virtual reality/ տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն։

«Դեռևս 2018 թվականից ունեինք գաղափարը, բայց այս ընթացքում փորձել ենք մեր կարողությունները զարգացնել այս ոլորտում, այժմ արդեն կարողացել ենք համապարփակ որպես նախագիծ ներկայացնել: Մեր նպատակն է դպրոցական կրթությունն ուժեղացնել, զարգացնել: Որպես գաղափարի մեկնարկ՝ նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդ-անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայի հակիրճ ձայնագրություն։ Այսպիսով այն հասանելի կլինի աշակերտներին թե՛ տանը, թե՛ դպրոցում, բացի այս՝ ուսուցիչների համար էլ լավ հնարավորություն է դասն ավելի ինտերակտիվ անցկացնել: Հաջորդիվ նախատեսում ենք մյուս բնագիտական առարկաներին անցնել, որ սմարթֆոնի միջոցով հնարավորություն լինի ուսումնասիրել ֆիզիկայի, քիմիայի փորձերն,իսկ դրանից հետո արդեն նախատեսում ենք 2024 թվականին դուրս գալ միջազգային շուկա: Նման ծրագրերը դառնում են սկիզբ լավ գաղափարների համար,որոնք հետագայում թիմի ջանքերի շնորհիվ կարող են դառնալ կայուն ստարտափներ` աշխարհում արժեք ներկայացնելով և Հայաստանի անունը բարձր պահելով»,-ասաց հաղթող թիմի անդամ Վարդան Մելքոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչի հիմքը լավ թիմն է:

 

Խրախուսական հարյուր հազարական դրամ և այլ մրցանակների արժանացան «World Without Waste »/Աշխարհն առանց աղբի/, «Տեսկա», «Outvite», «Հիպոկրատին հավատարիմ», «THE LOVE FOR ECO GROWS» նախագծերը:

 

 

 

Արմինե Բրսոյան

Նույն շարքից