Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Եղեռնի 107–րդ տարելիցը Բեռլինում

analitik.am

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված  միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ավանդական ցույցով։ Այն տարիներ ի վեր հետևողականորեն կազմակերպում է «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը»։

Ցույցն այս անգամ սկսվեց տերունական աղոթքով։ Հանձնախմբի նախաձեռնող անդամ պարոն դր․ Ժիրայր Քոչարյանի մեկնությամբ այն ուղղված է բոլոր զոհերին և, մասնավորապես, հենց ապրիլի 24-ին սպանված մտավորականներին։ Նա իր ելույթի սկզբում խորհրդանշական ձևով թվարկեց 24 հայ մեծ գործիչների անուններ այդ շարքից։ Այնուհետև շատ կարճ խոսքով անդրադարձ կատարեց պատմական անցյալին՝ ներկաներին հիշեցնելու թուրքերի կատարած անչափելի հանցանքի պատկերը՝ միլիոնավոր հայ, հույն, ասորի, արամեացի զոհեր, ավերածություններ և այլն։ Այս ամենին գումարած մշակութային ցեղասպանությունը՝ հազարավոր հուշարձանների ու շինությունների ոչնչացումը, որն առ այսօր չի դադարում։ Աշխարհն էլ «բերանը ջուր առած» լռում է։ «Թուրք հրոսակները 300.000-ից ավելի հայ որբուկների բռնի պահեցին և թուրքացրին, մեր հարյուրավոր շքեղ կառույցները վերածեցին մզկիթների։ Գողանալով, թալանով, արյան վրա կեղծ պետություն են ստեղծել, սա բավ չէ, առանց ամոթի շարունակում են նույնը այսօր։ Աշխարհի աչքի առաջ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեցին մզկիթի, և քաղաքակիրթ աշխարհը հանդուրժեց։ Բնականաբար, մենք հիմա չպիտի զարմանանք, որ Բաքվում Էրդողանը հպարտորեն հայտարարեց, որ իրենք ավարտին են հասցնում այն, ինչը հարյուր տարի առաջ սկսել են։ Հիմա էլ խաղաղության պայմանագիր ու հարաբերությունների կարգավորում են օրակարգ բերել։ ․․․ Եվ այս ամենից մենք չե՞նք ուզում դասեր քաղել», - ելույթն ավարտելուց առաջ հարցրեց Ժ․ Քոչարյանը։

Հանձնախմբի հիմնադիր անդամ, գերմանացի իրավապաշտպան, հայ ժողովրդի բարեկամ տիկին դր․ Թեսսա Հոֆմանն իր խոսքում դարձյալ կարճառոտ շեշտելով օսմանյան Թուրքիայի արյունոտ անցյալի հետևանքների անտեսման հարցը, որի պատճառով առ այսօր պատմությունը փուլ առ փուլ կրկնվում է, նշեց, որ իրենք հետևողականորեն ու համախմբված աշխատում են․ «Մենք մինչև այսօր սպասում ենք, որ հենց ինքը՝ Թուրքիան ճանաչի և հատուցի միլիոնավոր մարդկանց բնաջնջումն ու հայրենազրկումը։ Դրա համար ենք մենք ամեն տարի նույն օրը այստեղ գալիս՝ պահանջելու»։

Նույն պահանջով արդեն մի քանի տարի է մեզ՝ հայերիս է միացել ևս մեկ երիտասարդ թուրք մտավորական՝ Գյուլսեն Այթանը, ով ծնվել և մեծացել Է Բեռլինում՝ թուրքական ընտանիքում։ Նա նորից ու նորից ամոթի զգացումով ներողություն խնդրեց հայկական կողմից և թուրքական կողմին հղեց իր պահանջը․ «Ես ազգությամբ թուրք եմ, այստեղ ծնված և այստեղ կրթություն ստացած։ Պահանջում եմ, որ քրիստոնյաների և հայերի կոտորածների համար Թուրքիան պատասխանատվությունն իր վրա վերցնի, առերեսվի պատմական իրականության հետ։ Ես կարծում եմ, որ մենք հայերի և քրիստոնայների ներկա սերնդի առաջ պատասխանատու ենք։ Առաջին քայլը ցեղասպանությունը ճանաչելն է, պետք է մարդկանց ցավը կիսեն և սպանվածների հիշատակը հարգեն, սահմանները բացեն և Արցախում պատերազմական իրավիճակը հենց հիմա դադարեցնեն», - հնչեցրեց Գ․ Այթանը։

Երեկոյան Բեռլինի հայկական համայնքի սրահում «Հայկական ցեղասպանության չորրորդ սերունդը» խորագրով զեկույցով հանդես եկավ Բեռլինի Ազատ Համալսարանի դր․, պրոֆ․, պատմաբան, օսմանագետ, իսլամագետ տիկին Էլկե Հարթմաննը։

Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունները շարունակվեցին ապրիլի 24-ին՝ Բեռլինի սբ․ Հեդվիգ տաճարի բակում գտնվող հայկական խաչքարի մոտ։ Այն տեղադրվել էր վեց տարի առաջ՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին։ Այս տաճարում է տեղի ունեցել մեր անմեղ զոհերին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում՝ 1919 թվականի մայիսի 14-ին։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը և ծաղիկներ դրեցին հուշակոթողին։ Ելույթով հանդես եկավ Բեռլինի ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը՝ անդրադարձ կատարելով պատմական անցյալին։ Նա ուղիղ համեմատականներ արեց նախորդ դարասկզբի և մերօրյա իրողությունների միջև, նաև շնորհակալալկան խոսքեր ուղղեց բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր օգնության ձեռք են մեկնում Հայաստանին ու Արցախին՝ հաղթահարելու այս մղձավանջը։ Իր խոսքում նա առանձնակի կարևորեց համայն հայության համախմբումը։

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հաջորդ միջոցառումը շարունակվեց Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում։ Տեղի մատուռում ներկաներին  ողջունեց դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմաննը։ Ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ նա հրատապ համարեց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, նշեց նաև, որ անարդարացիորեն է աշխարհը վերաբերվում այս հարցին՝ օրինակ բերելով ներկա ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակը և նրա շուրջ սևեռված աշխարհի ուշադրությունն ու սրան նախորդած հայ-թուրքական պատերազմը Արցախում և աշխարհի անտարբեր լռությունը։

Երիտասարդ թրքուհի Գյուլսեն Այթանը, հավատարիմ իր գործունեությանը, այս արարողությանը ևս մասնակցեց և ելույթ ունեցավ՝ մասնավորապես շեշտելով․ «107 տարի է անցել Ցեղասպանությունից և Թուրքիան դեռևս այն չի ճանաչել։ Դա ամոթալի է և սարսափեցնում է մեզ։ Մենք պետք է շարունակ բարձրաձայնենք։ Գերմանիայից ևս պահանջում ենք, իբրև նրա քաղաքացիներ, որ պատասխանատվություն կրեն և ճնշում գործադրեն Թուրքիայի վրա այս հարցում ։ Չնայած ստին ու ժխտողականությանը, զայրույթին ու ատելությանը՝ մենք մեր երեխաներին շարունակելու ենք իրականությունը պատմել, չենք մոռանալու մեր պատասխանատվության մասին՝ մարդկայաին արժանապատվությանը համապատասխանող ապագա կառուցելու համար»։

Բանախոսների ելույթների ընդմիջումներին երաժշտական կատարումներով հանդես եկավ ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը։ Իսկ հույն ականատես Ստատիս Կ․ Խրիստոֆորիդիս-Սարպոգլիսի վկայագրից հատվածներ կարդաց հայզգի գերմանաբնակ դերասանուհի Բեա Էհլերս Կերբեկյանը։

Միջոցառման մասնակիցները մատուռի զանգերի ղողանջների ներքո շարժվեցին դեպի հուշապատ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Գերմանահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը աղոթք բարձրացրեց և հոգեհանգստյան կարգ կատարեց՝ միջոցառումը եզրափակելով «Կիլիկիա» երգի կատարմամբ։

Գայանե Առաքելյան

Նույն շարքից