Քաղաքականություն 

Թուրքիայի հետ հնարավոր և հարկավոր է բանակցել արժանապատիվ դիրքերից. Մենուա Սողոմոնյան

analitik.am

Ազատության հրապարակում ապրիլի 28-ին համախմբման իրազեկման հավաքի ժամանակ Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ հանրության կողմից ամենաշատը բարձրաձայնվող մտքին՝ եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, ապա պատերազմ է սկսվելու։

«Փաշինյանին և նրա մերձավորներներին հաջողվել է հանրության շրջանում այս մոլորեցնող թեզը տարածել, որ իրենք անփոխարինելին են, և ցանկացած այլ քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտից, եթե գա իշխանության, սպառնալու է պատերազմը։ Սա առնվազն նշանակում է, որ իրենք ուզում են լեգիտիմացնել իրենց հավերժությունը, այսինքն՝ հավերժ իրենք են լինելու։ ՔՊ-ից զատ ցանկացած այլ քաղաքական ուժի իշխանության գալը պատերազմի է հանգեցնելու. սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ, որին հարկավոր չէ լուրջ վերաբերվել: Հայաստանի հաջորդ իշխանությունը չի կարող պարզապես ասել, որ, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, մենք ընդհանրապես երկխոսությունից հրաժարվում ենք կամ պատերազմ ենք հայտարարում Թուրքիային։ Սա անհեթեթություն է, նման բան լինել չի կարող։ Խնդիրը ռազմավարության, մեթոդաբանության մեջ է, թե մենք ոնց ենք մոտենալու այդ հարցին: Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է համաձայն լինի կոնտակտին, երկխոսությանը, բայց ոչ այնպես, ինչպես այսօր է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ռազմավարությունն այսպես է. ձեռքերս բարձրացնում ենք վերև, հանձնվում ենք, ինչ ասում եք, անում ենք, ինչ ուզում եք, տալիս ենք: Սա չի կարող երկար շարունակվել, քանի որ նրանք նորանոր պահանջներ են դնելու, որոնք չկատարելու դեպքում սպառնալու են ուժի գործադրմամբ: Մենք ասում ենք պետք է բանակցել, բայց հիմքում լինի այն մոտեցումը, որ Հայաստանը անվտանգության ոլորտում զսպման հնարավորություններ կունենա»,- ասաց Սողոմոնյանը, հավելելով, որ հարկավոր է բանակցել արժանապատիվ դիրքերից:

Նրա խոսքով՝ հարկավոր է օգտագործել դիվանագիտական և միջազգային իրավունքի կողմից տրված կռվանները և փաստերը:

Նույն շարքից