Հասարակություն 

ԱՄՆ դեսպանությունն է օգնում է «Շնչող արվեստ» 2-րդ նախագծի անցկացմանը

analitik.am

Տարիների ընթացքում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ-ում տարբեր ճանաչողական ու կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություններ է ընձեռել հայ արվեստագետների ու արվեստագիտական համայնքի առաջնորդների համար։ Ահա այս ծրագրերի մի խումբ շրջանավարտներ համախմբել են իրենց ջանքերը մշակույթի հանրահռչակման «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որի անցկացմանն աջակցում է ԱՄՆ դեսպանությունը։

«Շնչող արվեստ» նախագիծը մի քանի վայրերում կենդանություն կհաղորդի հայկական արվեստի գլուխգործոցներին՝ դրանց մատուցման ընթացքում ներառելով տեսողական ու կատարողական արվեստների տարրեր։ Այդօրինակ առաջին նախագիծը 2018թ․ Հայաստանում իրականացրեց Գեղագի­տության ազգային կենտրոնի տնօրեն,  ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար և «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանը։ ԱՄՆ կատարած ճանաչողական այցի ընթացքում Վահան Բադալյանը առիթ էր ունեցել դիտարկել  կատարողական արվեստները երիտասարդների շրջանում հետաքրքրություն ու ներգրավվածություն առաջացնելու նպատակով կիրառելու ամերիկյան փորձը։  Նա հուսով է, որ «Շնչող արվեստ» նախագիծը կօգնի թանգարանների այցելուներին տեսնել հայկական արվեստը մի նոր ու ուշագրավ լույսի ներքո։

Այս տարի թանգարանների այցելուներն ու արվեստասերներն առիթ կունենան ներկայացում-ինստալյացիաների միջոցով նոր գեղարվեստական մատուցմամբ վայելել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի, Փարաջանովի տուն-թանգարանի և Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի մի շարք հայտնի գործեր ու ցուցադրություններ։

«2018թ․ այս նախագիծը հանրության կողմից շատ լավ ընդունվեց, և հաշվի առնելով դա՝ որոշեցինք Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ շարունակել համագործակցությունը՝ ուղղված թանգարանային հարուստ հա­վաքածուների հանրահռչակմանը և արժևորմանը հանրության շրջանում։ Այս տարի կրկին արվեստասերներին քաջ հայտնի գործերը կհրամցվեն նոր գեղարվեստական մատուցմամբ և մեկնաբանությամբ», - ասաց Վահան Բադալյանը։

«Շնչող արվեստ» 2-րդ նախագծի շրջանակում արվեստասերներին նորովի ներկայանալու համար մայիսի 21-ին, 25-ին և 29-ին  իրենց դռները կբացեն երեք թանգարան։ Նախատեսվում են 3-7 րոպե տևողությամբ ներկայացում-ինստալյացիաներ, որոնք միջոցառման ողջ ընթացքում պարբերաբար կկրկնվեն։

Մասնակից թանգարաններում «Շնչող արվեստ» միջոցառումների մուտքն ազատ է։ Միջոցառումների ցանկը ստորև՝

մայիսի 21-ին՝ ժամը 18:00-20:00, Սիրահարների այգի, ք Երևան, Բաղրամյան պող21

մայիսի 25-ին՝ ժամը 18:00-20:00, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, ք Երևան , Ձորագյուղ 16 

մայիսի 29-ին՝ ժամը 15:00-18:00, Ձիթողցոնց տուն-թանգարան, ք Գյումրի, Հաղթանակի պող 47)  

 

Նույն շարքից