Տնտեսություն 

Երևանում կայացել է Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով

analitik.am

Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին տեղի է ունեցելՀայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողով, որին մասնակցել ենՀայաստանի և Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ։

Գործարար համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է․ «Այսպիսի հանդիպումները ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլև կարևոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջև նոր անմիջական շփումների հաստատմանը  և հեռանկարային փոխշահավետ նախագծերի և համատեղ լուծումների քննարկմանը»։

Նախարարը հավելել է, որ այսօր Հայաստանում փոխվում է տնտեսության կառավարման ձևը՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն առավել ճկուն, ունակ արագ արձագանքելու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։

«Վերջին ժամանակահատվածի զարգացումները և արձանագրված տնտեսական ցուցանիշները ապացուցում են, որ մեր կողմից հայտարարված տնտեսական զարգացման մոդելը և մեր տեսլականն ամբողջովին արդարացված են։ Մեր հիմնական նպատակադրումն արտահանելի տնտեսության ձևավորումն է», - ասել է նախարար Քերոբյանը։

Նախարարը նաև նշել է, որ Հայաստանում 2021 թվականի վերջի դրությամբ գրանցված է իրաքյան կապիտալի մասնակցությամբ 88 ձեռնարկություն, ՀՀ առևրաշրջանառությունը Իրաքի հետ 2021 թվականին կազմել է 182 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականիհունվար-մարտ ամիսներին՝ 51,64 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։

Նախարարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է և Հայաստանը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի հետ լայն համագործակցության հաստատումով և խորացումով։

Շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուրրահման Աբդուլլահը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ակտիվ համագործակցություն կձևավորվի տնտեսական, առևտրական և ներդրումային ծրագրերի իրականացման առումով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով իր խոսքում նշել է․ «Այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրին, ներդրումային հնարավորություններին և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը, իսկ գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից՝ չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը»։

Արմեն Արզումանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. երկրում իրականացվում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումները օրենքով: Ավելին` արդեն իսկ ստեղծվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար և ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության Քիրքուքի մասնաճյուղի նախագահ Սալահ Ֆարիք Մոհիալդին, «ՋիԲի Թրեյդինգ»-ի խորհրդի նախագահ Սաիդ Ջամալին:

Համաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման և ներմուծման միության միջև Համագործակցության Հուշագիր։

Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը հյուրերին ներկայացրել է շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում կայացել են B2B ձևաչափով հանդիպումներ։

Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրություն են հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և առևտրի (առևտրային ցանցեր) ոլորտներում։

Նույն շարքից