Գլխավոր Հասարակություն 

Կարո՞ղ է արդյոք կապիկի ծաղիկը նոր համաշխարհային համաճարակ դառնալ

analitik.am

Վերջին շրջանում աշխարհում լայն տարածում է գտնում կապիկի ծաղիկ վիրուսը: Ի՞նչ է հայտնի այս վիրուսի մասին այս պահի դրությամբ:

ԱՀԿ-ն գրանցել է վարակվածության դեպքեր ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում և մի շարք այլ երկրներում.  

Վարակվածության առաջին գրանցված դեպքի մասին ԱՀԿ-ն հայտնեց մայիսի 7-ին: Վարակված անձինք Մեծ Բրիտանիայում էին արձանագրվել, վարակվել էին Նիգերիա այցից հետո: Այնուհետև Եվրոպայի մի շարք երկրներում արձանագրվեցին վարակվածության դեպքեր անձանց մոտ, ովքեր այլ երկրներ ճամփորդությունից էին վերադարձել: Մասնագետները կասկածներ հայտնեցին առ այն, որ նոր դեպքերը որևէ կապ կարող են ունենալ նախորդ գրացված դեպքերի հետ: Այս պահի դրությամբ դեռևս վերջնական  հայտնի չէ, թե ինչպես և ինչ պայմաններում է փոխանցվում կապիկի ծաղիկը: Վարակվածների մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են՝ 21-ից մինչև 40 տարեկան:

Հայտնի է, որ վիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով 

Հայտնվում է, որ վարակված անձանց մեծ մասը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են: Մեծ Բրիտանիայում վարակված 10 անձանցից 6-ը միասեռական կամ բիսեքսուալ տղամարդիկ են: Մինչ այս պահը նշվում էր, որ վիրուսը չի կարող փոխանցվել սեռական ճանապարհով, սակայն այժմ արդեն պարզ է, որ այն փոխանցվում է վարակակրի հետ սերտ շփման արդյունքում: Վիրուսը կարող է փոխանցվել վարակակրի մաշկի հետ շփման արդյունքում, շնչառական ուղիների միջոցով, ինչպես նաև աչքերի, քթի և բերանի լորձաթաղանթի միջոցով: Հնարավոր է նաև վարակվել վարակված կենդանիների՝ կապիկներ, առնետներ կամ սկյուռեր, հետ շփման արդյունքում: Վիրուսը փոխանցվում է նաև վարակակրի կողմից օգտագործված իրերի միջոցով՝ անկողնային պարագաներ, հագուստ և այլն:

Կապիկի ծաղիկը բնական ծաղիկ վիրուսի ընտանիքին է պատկանում

Կապիկի ծաղիկ և բնական ծաղիկ վիրուսները մտնում են միևնույն Poxviridae վիրուսային խմբի մեջ: Տարբերությունն այն է, որ բնական ծաղիկը շատ ավելի մահացու վիրուս է՝ 20-90 տոկոս մահացություն ունի, կապիկի ծաղիկն այդքան վտանգավոր չէ և հազվադեպ է ծանր ընթացք ստանում:

Կապիկի ծաղիկը հաճախ թեթև է ընթանում 

Գոյություն ունի կապիկի ծաղիկի երկու հիմնական շտամմ՝ կենտրոնականաֆրիկյան և արևմտյանաֆրիկյան:  Ենթադվվում է, որ Նիգերիայից Մեծ Բրիտանիա եկած առաջին վարակակիրներն արևմտյանաֆրիկյան վիրուսի կրողներն են: Վիրուսի այս տեսակը թեթև ընթացք ունի, հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, ցանը՝ սկզբում դեմքին, ապա մարմնի վրա, որոշ ժամանակ անց ցանն անցնում է՝ թողնելով հետքեր: Հաճախ հիվանդությունը որոշ ժամանակ հետո առանց որևէ բուժման անցնում է :

Վիրուսն առաջաին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին կապիկի մոտ

Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին Կոպենհագենում՝ լաբորատորիայում փորձարկման ենթարկվող կապիկների մոտ: Հիվանդացության առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում:  2003 թվականին ծաղիկի բռնկում տեղի ունեցավ ԱՄՆ-ում, տարածողը երեխա էր, ով շփում էր ունեցել փողոցային շան հետ: Մինչև  2003  թվականը գրանցվել էր կապիկի ծաղիկի 71 դեպք, բոլոր վարակվածներն առողջացել են:

Բնական ծաղիկի դեմ պատվաստանյութն արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի դեմ 

 1980 թվականին հաղթահարվեց բնական ծաղիկ հիվանդությունը՝ պատվաստանյութի շնորհիվ: Ապացուցվել է, որ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութն արդյունավետ է նաև կապիկի ծաղիկի դեպքում, սակայն բնական ծաղիկի դեմ պատվաստումները դադարեցվեցին բնական ծաղիկի վերանալուց հետո, ինչի պատճառով էլ հնարավոր է կապիկի ծաղիկը լայն տարածում գտնի, քանի որ պատվաստման արդյունքում ձեռք բերված իմունիտետը ժամանակի ընթացքում թուլանում է:  Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստվել միայն այն մարդկանց, ովքեր զբաղվում են կապիկի ծաղիկի ուսումնասիրմամբ, շփվում են վարակվածների կամ կենդանիների հետ:

ԱՀԿ փորձագետները քննարկելու են կապիկի ծաղիկ հիվանդությունը

ԱՀԿ-ն հայտարարել է, որ շտապ հավաք է անելու կապիկի ծաղիկի բռնկման առնչությամբ: Քննարկվելու են վիրուսի փոխանցման ճանապարհները, ԼԳԲՏ և միասեռական տղամարդկանց  շրջանում վիրուսի աննախադեպ բարձր տարածվածությունն, ինչպես նաև պատվաստման հարցը: Որոշ փորձագետների կարծիքով վիրուսը չի կարող դառնալ համաճարակի պատճառ, քանի որ մարդուց մարդ փոխանցվելու հավանականություն կա, սակայն այն մեծ չէ: Մահացության աստիճանը  մինչև  4,5 տոկոս է, ինչպես նաև ճիշտ բուժման արդյունքում այն հազվադեպ է ծանր ընթացք ստանում, հետևաբար այն դժվար թե սպառնալիք դառնա այն երկրների համար, որոնք ունեն զարգացած բժշկություն:

Նույն շարքից