Տնտեսություն 

7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար

analitik.am

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։ Ըստ այդմ, առաջարկվում է 7.8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հիմնանորոգել 62.5կմ  ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 8.5կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 39.4կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ` 14.6կմ: Նախատեսվում է հատկացնել 7,783,373,527 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 7,679,458,700 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 46,326,365 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 57,588,462 ՀՀ դրամ։

Մասնավորապես, կհիմնանորոգվի  Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը  (Վարդանաշեն, Երասխահուն, Ջրաշեն, Լուսագյուղ),   Աբովյան- Արզնիհանրապետական նշանակության ավտոճանապարհը, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհը,  Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Իջևան, Իծաքար բնակավայրերի հատվածը և այլն: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թ. հունիսին և կավարտվեն մինչև տարեվերջ:

Նույն շարքից