Բարի օր Հասարակություն 

Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ պատմական երեսուներորդ ավարտական հանդիսությունը

analitik.am

Հունիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց երեսուներորդ ավարտական հանդիսությունը, որի ժամանակ համալսարանի ավելի քան 500 ուսանողների շնորհվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմներ։ Բակալավրիատի 5, մագիստրատուրայի 9 և վկայագիր շնորհող 5 ծրագրերի շրջանավարտներ ստացան դիպլոմներ։ Այս տարի առաջին անգամ դիպլոմներ շնորհվեցին Տվյալագիտություն ծրագրի շրջանավարտներին, ինչպես նաև վկայագրեր հանձնվեցին Կառավարում և Հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարում ծրագրերի առաջին շրջանավարտներին։

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը։ «2022 թվականի սիրելի՛ շրջանավարտներ, համալսարանն ավարտելը ոչ միայն ձեր կյանքի, այլև համալսարանի պատմության համար կարևոր իրադարձություն է։ Այսօր ձե՛ր օրն է։ Հպարտացե՛ք այն ամենով, ինչ կարողացել եք ձեռք բերել»։

Իր խոսքից հետո նախագահ Մարկիդեսն ընթերցեց Կալիֆորնիայի համալսարանի ուղերձը՝ ուղղված շրջանավարտներին, իսկ փոխնախագահ Բրայան Էլիսոնը՝ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի շնորհավորական ուղերձը, որում ասվում էր. «Չնայած նրան, որ այս աշխարհում շատ բաներ անորոշ են, մի բան հստակ է. ձեր ապագան աներևակալի պայծառ է լինելու: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ուզում է ձեզ ասել՝ ճանաչե՛ք ձեր ուժը. լինելով երիտասարդ՝ դուք անսահման մեծ ուժի տեր եք: Ապագան ձե՛րն է, և ես լիահույս եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր հետքը կթողնի աշխարհում»:

Այս տարվա ավարտական հանդիսությանը ուղերձներ հղեցին բժշկագիտության ոլորտում 2021 թվականի Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը և աստղաֆիզիկոս, Սթարմուս փառատոնի հեղինակ և համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը: «Հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե ինչի կարիք ունի ձեր երկիրն ու համայնքը, հետո հարցրեք՝ ինչպես կարող եք ձեր ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման հարցում: Մարդկության համար կարևոր ձեր հաղթանակի կետը գտնվում է հենց այնտեղ, որտեղ խաչվում են մեծ գաղափարն ու պրակտիկ գաղափարը: Եթե ցանկանում եք առավելագույնի հասցնել ձեր դրական ազդեցությունը, այս մտածելակերպը հիանալի առաջին քայլ կլինի ձեզ համար», — ուսանողներին ուղղված իր խոսքում նշեց Փաթափությանը:

Հայերեն և անգլերեն ուղերձներով հանդես եկան նաև այս տարվա շրջանավարտները: Տնտեսագիտության մագիստրոս Օհաննես Տաղդուեիրնյանը, խոսելով շրջանավարտների անունից, նշեց. «Այստեղ ներկա յուրաքանչյուր շրջանավարտ կհամաձայնի, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը ոչ միայն բարձրակարգ գիտելիք է տալիս, այլև մեզ դարձնում է ավելի լավը, ավելի դատողունակ՝ մեր կայացրած որոշումներում»:

Միջոցառման ընթացքում նաև հանձնվեցին պատվոգրեր և մրցանակներ: 2022 թվականի ՀԱՀ նախագահական պատվոգիրը, որը տրվում է կրթության, հետազոտության և իրազեկման գործում բացառիկ ներդրում ունեցած անձանց, հանձնվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտու­թյունների դոկտոր, պրո­ֆեսոր Յուրի Սարգսյանին, որի ավանդը մեծ է Հայաստանի ամերիկյան համալսարանի ստեղծման գործում:

Պատվոգրերի և մրցանակների հանձմանը հաջորդեց 2022 թվականի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը: Միջոցառման ավարտին շրջանավարտները ավանդաբար օդ նետեցին իրենց գլխարկները՝ նշանավորելով դեպի պայծառ ապագա մեծ ճամփորդության սկզիբը:

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:

Նույն շարքից