Տնտեսություն 

Հայաստանի և Լիտվայի միջև տեխնոլոգիական ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարներ կան

analitik.am

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Կողմերը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտում արդեն ձևավորված համագործակցության և իրականացվող  ծրագրերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արհեստական բանականության ոլորտներում Լիտվայի ունեցած մեծ փորձին, այդ ուղղություններով գործակցության ընդլայնման հնարավորություններին։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձր գնահատելով Լիտվայի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման կարևորությունը, որը գործակցության նոր հեռանկարներ կարող է ունենալ։

Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակներում հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը, նշել է, որ հատկապես ՏՏ ոլորտում Հայաստանի հետ համատեղ աշխատանքների մեծ ներուժ է տեսնում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում և Լիտվայում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններին։ Ռոբերտ Խաչատրյանն այդ ցանկում մատնանշել է սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում անցկացվելիք «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որի ընթացքում Հայաստան կայցելեն Նոբելյան մրցանակի 5 դափնեկիրներ։ Գիտությունն ու արվեստն իրար շաղկապող այս միջոցառման ընթացքում տեղի կունենան գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ՝ գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի ներկայացնելով հանրությանը։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն իր հերթին ներկայացրել է Լիտվայում անցկացվող ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝ «ԲալթՏեխնիկա»-ն։

 

Կողմերը երկուստեք հրավիրել են միմյանց՝ պատվիրակությունների մակարդակով, մասնակցելու երկու երկրներում անցկացվող տեխնոլոգիական ոլորտի միջոցառումներին։

Ռոբերտ Խաչատրյանը Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ներկայացրել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ: Նախարարը հույս է հայտնել, որ լիտվական ընկերությունները ևս տեղեկացված կլինեն և կօգտվեն այդ հնարավորությունից։

Նույն շարքից