Տնտեսություն 

ԱԺ- ում ներկայացվեց բյուջեի կատարման հաշվետվությունը

analitik.am

Հայաստանում 2021 թվականին պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ տարեկան տնտեսական աճը, որը սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս: «Տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով, որոնք ձևավորել են 4 տոկոսային կետը: Աճի կեսն ապահովել են կացության և հանրային սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ»,-ասաց նախարարը:

Իսկ գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա: Ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով:

«2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: Բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է»,-ասաց Խաչատրյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14,6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում:

Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տարվա բյուջեով: Ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագիրը կատարվել է 100,2 տոկոսով:

Նախորդ տարվա 22.4 տոկոսի նկատմամբ հարկերը-ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 22.7 տոկոսի:

Իսկ ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա  կատարողականը գրանցել է վերջին տարիների համեմատությամբ բարձր, ճշտված պլանի նկատմամբ 92.5 տոկոս ցուցանիշ: 2020-ի համեմատությամբ ընթացիկ ծախսերն ավելացել են մոտ 120 մլրդ դրամ կամ 7,2 տոկոսով:

2021-ի արդյունքով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60.3 տոկոս, որը 3.2 տոկոսային կետով բարելավվել է նախորդ տարվա համեմատ:

Նույն շարքից