Տնտեսություն 

Գործադիրը 4.3 մլրդ դրամ է հատկացրել ավտոճանապարհների հիմնանորոգման համար

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար։ Ըստ այդմ, առաջարկվում է պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար հատկացնել  4.3 մլրդ դրամ: Որոշման ընդունումը պայմանավորված է՝ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Դիլիջանի ոլորաններ), Մ-13-Անգեղակոտ-Նախիջևանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Անգեղակոթ, Շաղարտ), Գյումրի Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի (Այգեբաց, Վարդաքար), Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի  ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման և Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման (Արթիկ) համար կնքված պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարության որոշման հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեսված աշխատանքների ավարտման և դրանց համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաև ավարտին հասցնել 2021-2022 թթ. փոխանցիկ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների՝ Արենի, Ելփին, Չիվա և Շաքի,  Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ) - Գառնի -Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածի (Գառնի, Գողթ) հիմնանորոգման, 2021թ-ից անավարտ Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի և  հատվածների (Ամասիա, Ցողամարգ) հիմնանորոգման և 2020թ-ից անավարտ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  հատվածի (Ապարան) հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ խոսքը 53,1 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի մասին է, որից 35,4 կմ՝ 2021 թվականին սկսված և դեռևս չավարտված ճանապարհներն են, իսկ 17.7կմ-ի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն այս տարի: Դրանցից 8 կմ միջպետական նշանակության ավտոճանապարհներ են, 1.4 կմ՝ հանրապետական նշանակության, 8.3 կմ՝  մարզային (տեղական) նշանակության: Որոշմամբ  նախատեսվում է հատկացնել 4,267,513,127 դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 4,183,898,292 դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 55,864,887 դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 27,749,948 դրամ։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է շինաշխատանքները որակով իրականացնելու կարևորությունը և նշել. «Մենք անորակ  աշխատանք որևէ պարագայում չպետք է հանդուրժենք: Եվ այստեղ պետք է շատ սկզբունքային մոտեցում ցուցաբերվի: Նաև անհրաժետ է մշակել կարգ շարունակաբար անորակ աշխատանք իրականացնող ընկերությունների համար: Պետք է նաև համապատասխան վերաբերմունք ձևավորել նման ընկերությունների նկատմամբ:  Ճիշտ է, մենք պարտադրում ենք թերությունը վերացնել, սակայն ժամանակ ենք կորցնում»:  

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետական գնումների համակարգով պարտավորությունները չկատարելու հիմքով նման ընկերությունները հայտվում են «սև ցուցակում», որից հետո սահմանափակվում է նրանց  հետագա մասնակությունը: «Սակայն ներկայումս մշակվում է նոր կարգ, որը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը: Ըստ այդմ նախատեսվում է, որ առանձին դեպքերում մրցույթը կամ գնումն անցկացնել գնման առարկան ըստ արդյունքի նկարագրելու եղանակով: Դա արագացված ընթացակարգ է, սկզբում մենք դա կկիրառենք միայն հրատապ դեպքերում: Բայց այդտեղ անկյունաքարային նշանակություն ունի կազմակերպության հեղինակությունը: Ունենալու են կազմակերպությունների կարճ ցուցակ, որտեղ կներառվեն այն կազմակերպոըւթյունները, որոք անցյալ պատվերների ընթացքում իրենց ճիշտ են դրսևորել»,-ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ներկայում սահմանված են  նաև պատասխանատվության միջոցներ, տուգանքներ պայմանագրային պարտավորությունները  ժամանակին չկատարող ընկերությունների համար:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է ընկերությունների վարկանիշավորման կարգ մշակելու անհրաժեշտությունը: «Այսօր հսկայական ծավալի աշխատանքներ են իրականացվում. ֆինանսավորում է կառավարությունը, իրականացնում է մասնավոր հատվածը: Եվ մենք ուրախ ենք, որ մասնավոր հատվածը նաև եկամուտներ է ստանում, բայց կատարվածի և չկատարվածի պատասխանատվությունը կրում է կառավարությունը: Մենք պետք է այնպիսի համակարգ մտածենք, որպեսզի ռեյտինգավորենք ընկերություններին, որովհետև շինարարի վարքագիծն այստեղ շատ կարևոր է: Մենք պետք է կարողանանք նաև որոշակի վարքագիծ պարտադրել այդ ընկերություններին»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև խստացնել պայմանագրային պարտավորությունները խախտող ընկերությունների համար նախատեսված  պատասխանատվության միջոցները:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընգծել է աշխատանքների որակի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու կարևորությունը. «Մենք պետք է նաև լավ աշխատանք կատարողներին քաջալերենք: Ռեյտինգավորում լինելու դեպքում, որակով աշխատանք կատարած ընկերությունները կդառնան կառավարության գործընկերները»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ   որակի նկատմամբ խիստ հսկողություն է իրականացվում. «53 կմ-ից 35-ը 2021 թվականին մեկնարկած  աշխատանքներ են: Մենք նայել են, թերություններ ենք գտել և աշխատանքը չենք ընդունել ու չենք վճարել»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հատկապես    խոստացված ծրագրերի իրականացումը. «Մենք, իհարկե, բոլոր ճանապարհներն ենք կառուցելու, բայց այնտեղ, որտեղ խոստացել ենք՝ առաջնահերթություն են: Այսինքն՝ նախընտրական շրջանում ինչ խոստացել ենք, պետք է հատ-հատ իրականացնենք: Սա զուտ քաղաքական դիվիդենդի հարց չէ, սա մարդկանց նկատմամբ հարգանքի հարց է: Եթե խոսատացել ենք, ապա պատշաճ ժամանակում պետք է իրականացնեք»:

 

Նույն շարքից