Հասարակություն 

Ռուսաստանցի լրագրողը վաճառել է Նոբելյան մրցանակը՝ ուկրաինացիներին օգնելու համար

analitik.am

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալն ԱՄՆ-ում վաճառվել է 103,5 միլիոն դոլարով, հայտնել են Heritage Auction-ի կազմակերպիչները։

550 000 դոլար մեկնարկային գինը բարձրացել է մինչև 16,6 միլիոն դոլար, որից հետո անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 միլիոն դոլար, գրում է iz.ru-ն:

«Ամբողջ գումարը, որը մենք հավաքում ենք այսօր, փոխանցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ին»,- ասել է Մուրատովը աճուրդի մեկնարկից առաջ։ Նշվում է, որ միջազգային կազմակերպությունը պարտավորվել է մեդալի վաճառքից ստացված հասույթը փոխանցել այն պետություններին, որտեղ գտնվում են Ուկրաինայից փախստական երեխաները։

«Եկեք հասկանանք՝ այս մարդկանցից խլել են իրենց անցյալը,  եկեք փորձենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք գոնե ապագա ունենան»,- ասել է «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը միջոցառման մեկնարկից առաջ:

2021 թվականի դեկտեմբերին Մուրատովին շնորհվել է Նոբելյան մրցանակ՝ ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության նախապայման է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մուրատովին մրցանակի համար։

Նույն շարքից