Տնտեսություն 

Վահան Քերոբյանը՝ Խոզերի գենետիկական կենտրոնում

analitik.am

Հունիսի 20-ին նախարար Վահան Քերոբյանը՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամում և Կոտայքի մարզում գտնվող Խոզերի գենետիկական կենտրոնում։

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հիմնադրամում շրջայցի ընթացքում կառույցի ղեկավար Գագիկ Սարդարյանը պաշտոնյաներին ներկայացրել է CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին և դրանց արդյունքներին, ինչպես նաև տեղեկացվել, որ հիմնադրամը հիմնականում իրականացնում է անասնաբուծությանը, բանջարաբուծության  զարգացմանը, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, ինչպես նաև գինեգործության և ջերմատնային արտադրությանն ուղղված ծրագրերը։ Հատկապես կարևորվել են խոզաբուծության և այծաբուծության ոլորտում իրականացված  ծրագրերը։
Վահան Քերոբյանն իր հերթին անդրադարձել է գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի կարևորությանը, հատկապես շեշտը դնելով խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման, ինչպես նաև «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրերի վրա։

Այնուհետև  Գագիկ Սարդարյանի և CARD հիմնադրամի Անասնաբուժության և Անասնաբուծության բաժնի ղեկավար Արման Օհանյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանն ու Արման Խոջոյանն այցելել են տարածաշրջանում եզակի Խոզերի գենետիկական կենտրոն, որին կից գործում է նաև Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն։

Խոզերի գենետիկական կենտրոնի ստեղծման նպատակն է Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսություններին բարձրարժեք գենետիկական հատկանիշներով օժտված տոհմանյութի մատակարարումը և խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպումը։

Այցի ավարտին նախարարը ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը և հույս հայտնել, որ հիմնադրամի հետ համագործակցության առկա փորձը կընդլայնվի և կամրապնդվի նոր հաջողված ծրագրերով ու նախաձեռնություններով։

Նույն շարքից