Իրավական 

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

analitik.am

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։

Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի կազմակերպման և Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգի մշակման հարցում ամիսներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Սարգսյանը նշել է, որ գերմանական փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը նախագծել է նոր քրեակատարողական հիմնարկի նախնական մոդելը։

Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատասխանատու գործում IRZ-ի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել արդյունավետ համագործակցությունը շարունակել նաև հետագա փուլերում։

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։

Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։

Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։

 

Նույն շարքից