Բարի օր Հասարակություն 

Առկա է իրական վտանգ, որ 2022-ին շատ վայրերում սով կհայտարարվի. ՄԱԿ գլխավոր քարտուղար

analitik.am

Այս տարի աշխարհի տարբեր տարածաշրջաններում սովի սպառնալիք կա, իսկ 2023-ը կարող է ավելի վատ լինել, քանի որ էներգակիրների ու պարարտանյութերի գնաճի հետևանքով տուժում է բրնձի ու եգիպտացորենի բերքը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Պարենամթերքի հասանելիության հետ կապված տարբեր երկրների կառավարությունների խնդիրները, որոնք եղան այս տարի, արդեն հաջորդ տարի կարող են հանգեցնել պարենի համաշխարհային դեֆիցիտի։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ այսպիսի աղետի սոցիալական ու տնտեսական հետևանքներից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ դիմելով G7-ի անդամ երկրների ներկայացուցիչներին։

Նա նշել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով, վերջին 2 տարիներին աշխարհում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք պարենի սուր դեֆիցիտ ունեն․ այս մարդկանց թիվը կազմում է շուրջ 276 մլն։

«Առկա է իրական վտանգ, որ 2022-ին շատ վայրերում սով կհայտարարվի, իսկ 2023-ը կարող է էլ ավելի վատը լինել»,- ասել է նա։

 

Նույն շարքից