Քաղաքականություն 

Ադրբեջանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությանը

analitik.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված երեկվա առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը հայկական կողմի հետ խոսակցության գնալուց հրաժարվում է ու դրանում հրապարակային կերպով Հայաստանին է մեղադրում՝ Հայաստանի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն ձևավորելու համար:

Ինչպես նշել են այդ երկրի ԱԳՆ-ում, Փաշինյանի հայտարարությունները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Երևանի ցանկությունը։

«Վարչապետ Փաշինյանին հիշեցնում ենք՝... տարածքների «ազատագրումից» (չակերտները` Analitik.am) հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման կողմնակիցն ու նախաձեռնողն Ադրբեջանն էր:

Ադրբեջանական կողմը հակառակ կողմին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի (խաղաղության) պայմանագիրը։ Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։

Ադրբեջանական կողմը ոչ միայն հայտարարություններ է անում երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման և կողմերի միջև ապագա խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, այլև  հայտարարվածը իրականացնում է իր գործողություններով և կոնկրետ քայլերով...

Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» (չակերտները` Analitik.am) «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Analitik.am) գործունեության արդյունավետությունը...

Հայաստանի վարչապետը, առանց կոնկրետ փաստերի անդրադառնալու, հայտարարեց, որ ադրբեջանական կողմը առնվազն  մեկ անգամ բոյկոտել է հանդիպումը։ Եթե սկսեք թվարկել հետկոնֆլիկտային փուլում միջազգային միջնորդների մասնակցությամբ մինչ այժմ առաջարկված և Հայաստանի կողմից տարբեր պատրվակներով «խախտված» (չակերտները` Analitik.am), ինչպես նաև դրանց մեկնարկից 1-2 ժամ առաջ հայկական կողմի «սադրանքների» (չակերտները` Analitik.am) պատճառով հետաձգված հանդիպումները, ապա ցուցակը շատ երկար կլինի։

Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է կոնկրետ քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն, այլ ոչ թե «ժամանակ վատնի» (չակերտները` Analitik.am) այն ձևաչափի վերակենդանացման վրա, որի «արդյունավետությունը միշտ ցածր է եղել» (չակերտները` Analitik.am), և որի անդամներն այժմ «բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը» (չակերտները` Analitik.am)», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Նույն շարքից