Տնտեսություն 

4.2 մլրդ դրամով կավելանա «Աջակցության տրամադրում` նախորդ տարվա հարկային պարտավորությունների վճարման նպատակով» միջոցառման գծով ծախսը

analitik.am

2022  թ. պետբյուջեով «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին 2020 թ. 3-րդ եռամսյակից սկսած  պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում կիրառված սահմանափակումների տնտեսական հետևանքների մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության շրջանակում պարետի՝ դեռևս 2020 թ. մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը: «Պետական տուրքի մասին» ՀՀ  օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ՝ 1 միլիարդ 375 միլիոն դրամ: Ֆինանսների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 20-ի հրամանով՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է և, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է: Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել:  Ի վերջո, Վարչական դատարանն օգուտ ընկերությանը վճիռ է կայացրել:

«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում էլ պետք է վերահաշվարկվեն և զրոյացվեն: Արդյունքում՝ խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թ. երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ», - ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ  «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  խոսքը գնում է հաշվանցման մասին: «Այսինքն՝ փաստացի պարտավորութունները զրոյացվում են: Այս ամենը ծագել է ՔՈՎԻԴ-ի հետ կապված   կայացված որոշումների և այն բանի արդյունքում, որ ընկերությունը չաշխատելով, ըստ էության, պիտի վճարեր տուրքեր: Ընկերությունն էլ չի համաձայնվել ձևակերպման հետ, հետո դատական մարմինները մեծ մասամբ համաձայնել են ընկերության հետ, բայց եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրցեսի մեջ ենք մտնելու: Այսինքն՝ փակուղին շարունակվելու է: Դատական ակտը մեզ վերադարձրել է այն վիճակին, որից սկսվել է այս ամեն ինչը: Սրա համար երկու տարբերակ կա. կամ պետք է այնպես անենք, որ այս պատմությունը նորից զրոյից կրկնվի, կամ պետք է այս պատմությունը զրոյացնենք: Ընտրել ենք երկրորդ տարբերակը: Հարցի էությունը հետևյալն ՝ մենք հիմա այս որոշմամբ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա: Սա է մեր որոշումը»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ «Օնիրա Քլաբ» -ը  պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «Մուլտի գրուպ» ընկերության նախագահի նախաձեռնությանը՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը և նշել. «Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գանահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովեհտև կարծում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության նկատմամբ  զբոսաշրջային հետաքրքրությունն էական կմեծացնի: Նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետում հարցը կքննարկեն: Այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այդ որոշումները կկայացնենք և գործընթացն  առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»:

Նույն շարքից