Հայաստան Ռազմական 

«Իրենց մոտ մեքենա է վառվում ու մեքենայի մեջ եղած սնարյադներն են պայթում». Հաթերքի գյուղապետ

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Այս հաղորդագրություններից հետո, համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որ թշնամին կրակում է նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ կրակոցները գյուղից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա են։

«Կրակոցների ձայները գյուղում լսվում էին։ Գյուղը որևէ վնաս չի կրել, մարդիկ մի քիչ անհանգստացել էին, բայց մենք կարողացանք ամեն ինչ նորմալ, բնականոն ընթացքի մեջ դնել, փորձեցինք մարդկանց ինչքան հնարավոր է հանգստացնել։

Այս պահին թշնամու կրակոցները դադարել են, բայց իրենց մոտ մեքենա է վառվում ու մեքենայի մեջ եղած սնարյադներն են պայթում։ Այս պահին իրավիճակը կոնկրետ գյուղում հանգիստ է»,- եզրափակեց Վարդան Գրիգորյանը։

Նույն շարքից