Հայաստան Քաղաքականություն 

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված զինծառայողների հիշատակը

analitik.am

ՀՀ կառավարության նիստում գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայողների հիշատակը:

«Ինչպես գիտեք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը սրվել է: Արցախի ՊԲ-ի 19 զինծառայող վիրավորվել է, 2-ը՝ զոհվել: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վիրավոր զինվորներին մաղթեց շուտափույթ ապաքինում:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Նույն շարքից