Քաղաքականություն 

Աշխատանքի տոնավաճառ՝ Ստեփանակերտում

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բացօթյա տարածքում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու նպատակն աշխատանք փնտրողներին և բոլոր գործատուներին մեկ վայրում համախմբելն է, որպեսզի հանդիպեն և քննարկեն, թե ով ինչ ունի առաջարկելու:

«Մենք հույս ունենք, որ այս միջոցառման արդյունքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն, ինչը սոցիալական խնդրի լուծման և տնտեսության համար որոշակի խթան կապահովի: Մենք լրացուցիչ այլ միջոցառումներ և մեխանիզմներ էլ ենք մտածում, որպեսզի աշխատանք կամ աշխատող գտնելը հեշտ լինի՝ շարունակաբար: Դրան զուգահեռ, իհարկե, շատ անելիքներ կան զբաղվածության ոլորտում, այդ թվում՝ վերապատրաստումների, որակավորման ապահովման ուղղությամբ»,-ասել է Ա. Բեգլարյանը:

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ Արցախում աշխատանքի տոնավաճառն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում:

«Տոնավաճառին մասնակցում է 61 գործատու՝ ներկայացնելով 1500-ից ավելի թափուր աշխատատեղեր 14 ոլորտներում:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տոնավաճառն իր բնույթով ավելի մեծ է»,-տեղեկացրել է Հ.Պետրոսյանը՝ հավելելով, որ տոնավաճառի արդյունքները կամփոփվեն երկու ամիս հետո:

Տոնավաճառի ավարտից հետո էլ, տասը օր շարունակ, աշխատանք փնտրող անձինք կարող են թափուր աշխատատեղերին ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում:

 

Նույն շարքից