Հասարակություն Պատահարներ 

Ապարանի արյունալի դեպքի թվով 3-րդ տուժողը, 50 օր կոմայի մեջ լինելուց հետո, այսօր մահացել է

analitik.am

Yerevan.Today-ը տեղեկացավ, որ այսօր առավոտյան Ապարանի աղմկահարույց կրակոցների երրորդ մահը գրանցվեց երևանյան հիվանդանոցում։ Հունիսի 19-ի երեկոյան Ապարանից գլխուղեղի ծանր վնասվածքով Երևան տեղափոխված 5 վիրավորներից մեկն էր Սամվել Սանդրոյանը։

Ամենիա ԲԿ-ում 50 օր կոմայի մեջ անգիտակից պառկած էր Սամվելը, արհեստական սարքավորումներով միացված միայն շնչում էր, ի սկզբանե բժիշկները հույս չէին տվել նրան, բայց հուլիսի վերջին Սամվելի վիճակն էլ ավելի բարդացավ` պառկած վիճակից սկսված թոքաբորբի պատճառով։

Մեկ ու կես ամիս այդպես էլ գիտակցության չգալով՝ այսօր մահացավ ԱԱԾ ծառայող 27-ամյա Սամվելը, որին սպանողներին դեռևս փնտրում ու չի գտնում իրավապահ համակարգը։ Հիշեցնենք, առնվազն 50 և ավելի մասնակիցներով արյունալի միջադեպից հետո չի պատժվել ոչ մի ՔՊ-ական, որոնց անուններն առնչվում են այս միջադեպին, իսկ կրակողներից միայն մեկն է կալանավորված․ Քննությունը կարծես հենց այդպես էլ ուղղորդված տանում են ՔԿ-ում, որ միայն երևանցի Հայկ Հովհաննիսյանը նշանակվի 7 երիտասարդի կրակած, նրանցից երեքին սպանած միակ անձը։

Սամվելը, հիշեցնենք, նույն միջադեպով երրորդ զոհն է արդեն։ Նույն օրը որովայնի ու գլխուղեղի կրակոցներից տեղում, իսկ մյուսն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել էին՝ Ապարանից ՊՆ պայմանագրային զինծառայող 28 ամյա Համիկ Մաթևոսյանը և «Գնթունիք»-ի աշխատակից 27- ամյա Տիգրան Հարությունյանը։ Մյուս չորսը հունիս-հուլիս ամիսներին վիրահատվել կամ ապաքինվելուց հետո դուրս էին գրվել հիվանդանոցից։

Հիշեցնենք, Ապարանում հունիսի 19-ի կրակոցներից հետո մամուլում  հեղեղված նյութերը  հինականում քաղաքական ենթատեքստ ունեին՝ «Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար մարդ են սպանել» վերնագրերով: Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետի ազգականի ու ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբոր ուղիղ առնչության մասին են պնդում տուժածների, սպանվածների հարազատները։ Այս վարկածը մամուլից հետո պնդեցին սպանվածներ Համիկ Մաթևոսյանի ու Տիգրան Հարությունյանի հարազատները՝ Ապարանում միջադեպից հետո կազմակերպած իրավապահ համակարգի  դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Նույն շարքից