Իրավական 

Հայտնի է Աղվան Հովսեփյանի համար առաջարկվող գրավի չափը. նա մշտական խնամքի կարիք ունի

analitik.am
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները նրա կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր քննարկվել է Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու` Երևանի ընդհանուր իրավասության որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Հովսեփյանը ներկա չի եղել նիստին, նա «Իզմիրլյան» ԲԿ-ում է։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը շատ ծանր է, և նրա կալանքն անհամատեղելի է առողջական վիճակի հետ։
«Ավելի քան մեկ ամիս է, որ Հովսեփյանի առողջական վիճակի փորձաքննություն է նշանակված, սակայն այն դեռ չի սկսվել, հիմա պետք է նոր փորձագետներ ներգրավվեն։ Հովսեփյանն ունի մշտական խնամքի կարիք, ուզում եմ հասկանալ` ինչի են սպասում փորձագետները»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ միջնորդում են կալանքը գրավով փոխարինել` գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը, բայց իրենք պատրաստակամ են մինչև 50 մլն դրամ վճարել։
Գործով դատախազներն առարկել են միջնորդությունը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 9։30–ին։

Նույն շարքից